Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳՆ․ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ հարձակումը ռազմական հանցագործություն է

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության՝ UNIFIL-ի զինվորների դեմ իրականացված մահաբեր հարձակումը որակել է որպես ռազմական հանցագործություն։

«Հարձակվել ՄԱԿ-ի «կապույտ սաղավարտների»՝ խաղաղության զինվորների վրա, որոնք դաշտում հստակ ճանաչելի են, ոչ միայն ռազմական հանցագործություն է, այլև վիրավորանք ողջ միջազգային հանրությանը»,- France Info-ին հաղորդել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել են երկու ֆրանսիացի զինվորներ, ևս երկուսը վիրավորվել են։
ՄԱԿ-ի Լիբանանում ժամանակավոր ուժերի (UNIFIL) տվյալներով՝ զինվորները հայտնվել են կրակի տակ, երբ Լիբանանի հարավում ճանապարհից ականազերծում էին պայթուցիկ սարքեր։
UNIFIL-ի նախնական գնահատականը ցույց է տվել, որ հարձակման համար պատասխանատու են «Հեզբոլա»-ի մարտիկները։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ իր հետախուզական տվյալները ևս մատնանշում են, որ կրակ են բացել «Հեզբոլա»-ի զինյալները։
Սակայն «Հեզբոլա»-ն հանգստյան օրերին հերքել է իր մասնակցությունը միջադեպին։

Լիբանանի արտգործնախարարությունը խոստացել է միջադեպի համապարփակ քննություն։

UNIFIL-ի խաղաղապահները, որոնք հաճախ կոչվում են «կապույտ սաղավարտներ» իրենց բնորոշ գլխարկների պատճառով, 1978 թվականից վերահսկում են Իսրայելի և Լիբանանի միջև սահմանային տարածքը։
Մի քանի շաբաթ առաջ UNIFIL առաքելության երկու ինդոնեզացի զինվորներ զոհվել էին պայթյունի հետևանքով։

XS
SM
MD
LG