ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է այսօր երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարվածները։
«Հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները ներկայացվել են Իրանի բարձրագույն ղեկավարությանը և ստացել են հավանություն, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այսօր երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահն այսօր ավելի վաղ սոցցանցում գրել էր, որ Միացյալ Նահանգներն այս գիշեր շատ ուժեղ կհարվածի Իրանին: Թրամփը նաև սպառնացել է առաջիկայում գրավել իրանական Խարգ կղզին, որտեղ մշակվում երկրի արտահանվող նավթի մոտ 90%-ը:
Ավելի ուշ, արդեն, նախագահ Թրամփը հայտնեց.- «Քննարկումները և վերջնական դրույթները հաստատվել են ներգրավված բոլոր կողմերի կողմից, այդ թվում՝ Միացյալ Նահանգների, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Թուրքիայի, Պակիստանի, Բահրեյնի, Քուվեյթի, Հորդանանի, Եգիպտոսի և այլ երկրների։ Ծովային շրջափակումը կմնա ամբողջությամբ ուժի մեջ մինչև այս համաձայնագրի վերջնական կնքումը։ Ստորագրման ժամանակն ու վայրը կհայտարարվեն շուտով»:
Սպիտակ տան ղեկավարի հայտարարություններից առաջ Իրանն ու ԱՄՆ-ն հարվածել էին միմյանց՝ արդեն երկրորդն օրն անընդմեջ։ Նախ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ գիշերը «ինքնապաշտպանական հարվածներ» է հասցրել Իրանին: Օմանի ափերի մոտ էլ հարվածել էր մի նավթատարի՝ պնդելով, թե այն իրանական նավթ էր տեղափոխում: Անձնակազմի երեք անդամ էր սպանվել: Ըստ իրանական Mehr գործակալության՝ Օմանի ծոցում ԱՄՆ-ն նաև հարվածել է իրանական նավի, որն առաջին անհրաժեշտության պարագաներ էր տեղափոխում Իրան:
Իրանն իր հերթին հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին և մեծ վնաս պատճառել, ոչնչացրել ամերիկյան կործանիչներ։ ԱՄՆ-ն չի մեկնաբանել այս պնդումները։ Բահրեյնում իրանական հարվածից երեխա է վիրավորվել։