Իրանի փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Թեհրանը «ճնշման առաջ չի խոնարհվի»՝ չնայած 2015 թվականի միջուկային գործարքի լուրջ խախտումների հիմքով Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու ՄԱԿ-ի մեխանիզմի վերահաս գործարկմանը:
«Մենք պատժամիջոցներին կամավոր չենք համաձայնում, սակայն այս անգամ ևս Իրանի ժողովուրդը ո՛չ կընկրկի, ո՛չ կխոնարհվի ճնշման առաջ», - IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Արեֆը:
Նրա մեկնաբանությունները հաջորդում են Եվրոպական եռյակ (Ե3)-ի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի օգոստոսի 28-ի որոշմանը՝ պաշտոնապես նախաձեռնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու գործընթաց, որն ուժի մեջ կմտնի 30 օրից՝ հետագա բանակցությունների դուռը բաց թողնելով:
Չնայած մերժողական հայտարարություններին, Իրանը պատժամիջոցներից խուսափելու նպատակով բանակցություններին շատ այլընտրանքներ չունի` հաշվի առնելով երկրի տնտեսության վիճակը և աշխարհի մեծ մասից մեկուսացածությունը, նկատում են միջազգային լրատվամիջոցները:
Արեֆը հարցականի տակ է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատժամիջոցները վերականգնելու մեխանիզմը գործարկելու՝ Ե3-ի իրավունքը: Միաժամանակ, նա վստահեցրել է, որ նման դեպքում «համապատասխանաբար անհրաժեշտ որոշումներ կընդունվեն»: