Մատչելիության հղումներ

Թաթոյանը պնդում է՝ Արմավիրում ճնշում են իրենց կամավորներին, մարզպետը հերքում է

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն առանց անուններ բացահայտելու «Առավոտ»-ի հետ զրույցում ահազանգել էր, թե Արմավիրի մարզում իրենց հանդիպած երիտասարդ կամավորները հայտնվել են տեղական ինքնակառավարման մարմինների թիրախում։

«Արմավիրում մեր երիտասարդներին ի՞նչ էին արել։ Երիտասարդական հանդիպումից հետո նկարները բազմացրել էին, քաշել էին Ֆեյսբուքից և դա արել էր մարզպետարանն ու համայնքապետարանը։ Տարածել էին հնարավոր բոլոր տեղերով, որտեղ կարող են այդ երեխաներին նույնականացնել, այնտեղ աշխատատեղերը հնարավոր ծնողների, քոլեջներ և այլն, ճշտել էին անուն-ազգանուններով ովքեր են, գնացել էին տները մարդկանց ու ահաբեկել էին՝ մեկին աշխատանքից հեռացնելու սպառնալիք էին տվել, մյուսին չգիտեմ գումարները կտրելու և այլն, կոնկրետ օրինակներ են, որոնք ցույց են տալիս, որ երկրում կա իշխանություն, որը վախենում է մարդկանցից», - ասել է Թաթոյանը։

Կուսակցության պատգամավորի թեկնածու Լևոն Չուկակլյանը դեռ անցած ամիս էր Թաթոյանի նշած դեպքի մասին խոսել։ Ապրիլի 1-ին հրավիրված ասուլիսում նա հայտարարել էր, թե խնդիրները սկսել են այն բանից հետո, երբ Արմավիրում կամավորականների հետ ճանաչողական այցից հետո իրենք լուսանկարներ էին հրապարակել։

«Նրանց լուսանկարները տարածքային կառավարման և տեղական մարմինների միջոցով ուղարկվեց նրանց ուսման վայրեր, ծնողների աշխատանքի վայրեր, բարեկամների միջոցով, ընտանիքների անդամների միջոցով ճնշումների արդյունքում նրանց փորձում են վախեցնել: Երիտասարդներից մեկը նշեց, որ չի կարողանալու մասնակցել հետագա միջոցառումների, նա նշեց, որ իր ուսումնական վայրից, իր ծնողի հետ են կապվել, ով ուսուցիչ է, նշել են, որ այնպես մի արեք, որ այլ քայլերի դիմենք, որը կարող է նշանակել հենց նաև աշխատանքից հեռացում և այլն», - պատմել է Չուկակլյանը:

Հանդիպմանը մասնակցած կամավորականներից մեկը համաձայնեց հարցազրույց տալ «Ազատությանը»՝ չներկայանալու ու ձայնը փոխելու պայմանով։ Պատմեց՝ ապրում է Արմավիրի մարզում, «Միասնության թևեր» կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո, ասաց, մի անծանոթ տղամարդ է հորը զանգահարել:

«Զանգահարում են հայրիկիս, ով պետական աշխատող է, ու հորդորում են, որ զերծ մնանք նման կուսակցությունների հետ... սպառնում են, որ աշխատանքից կհեռացնե,ն մեր համար դա հետո վատ կլինի: Իրենք ներկայացնում են որպես զգուշացում, իբր մեր լավի համար, բայց կոնկրետ սպառնում են: Չգիտեմ իրենք ինչպես են հայրիկիս հետ կապնվում, ինչ են անում ու ոչ միայն ինձ, մնացած կամավորներին բոլորին, ուսումնական հաստատություններով, ծնողների միջոցով այդպես զգուշացնում են»։

«Ազատության» հարցին՝ չե՞ն զանգել ոստիկանություն, նա պատասխանեց. «Ոչ, որովհետև մեզ համար վատ կլինի, աշխատանքից հեռացնել է սպառնում մեզ, ուսումնական հաստատությունից հեռացնել կամ գնահատականների իջեցում, կտրուկ, դրա համար չենք ուզում էլի կոնկրետ հիմա ընթացք տալ, ավելի շատ վախենում ենք ու փորձում ենք ուղղակի խուսափել ինչ-որ մեկին ասել, որ մենք կոնկրետ այդտեղ կամավորում ենք, բայց շատ ակտիվ կամավորում ենք, աջակցում ենք ուղղակի ոչ հանրային ու տեսախցիկներից խուսափում ենք»:

Երիտասարդն ասում է՝ կուսակցության պատգամավորի թեկնածուների այդ ասուլիսից հետո միասնության թևերի Արմավիրի կամավորների թիմին ևս հինգ մարդ է միացել ու որպես չելենջ նրանք դիմակներով լուսանկարներ են հրապարակել սոցցանցերում և հորդորել նույնականացնել իրենց։ Արմավիրի ՔՊ-ական մարզպետ Վահրամ Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ չգիտի ինչի մասին է խոսքը։ Դեռ մեկ ամիս առաջ հրապարակված ասուլիսի հղումն ուղարկեցինք նրան։ Տեսանյութը դիտելուց հետո կտրուկ հերքեց հնչած պնդումները։

«Տեսանյութից իմացա, որ այդպիսի բան կա, բայց վստահ եմ, մեր մարզում նման բան գոյություն չունի, և եթե իրենք անուն գիտեն, գիտեն ովքեր են, թող ասեն, ես հետևողական կլինեմ, որ նման բաներ չլինի, բայց վստահ եմ, չի եղել, իմ կարծիքով սուտ է, իսկ եթե իրենք ունեն նման տեղեկատվություն, թող դիմեն համապատասխան մարմիններին, թող հաղորդում տան, մենք էլ կհետևենք, որ իրենց ասած ժողովրդավարությունը պահպանվի։ Ժողովրդավարություն պահպանողը մենք ենք, մեր իշխանությունն է», - նշեց Խաչատրյանը:

«Միասնության թևեր»-ից ասում են՝ իրավապահներին չեն դիմել, քանի որ կարծում են՝ ասուլիսում հնչեցված հայտարարությունն արդեն հանցագործության մասին հաղորդում է։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, մինչև կոնկրետ դեպքով հաղորդում չստանան, չեն կարող զբաղվել դրանով։

«Ահազանգեր ենք ստանում, որ տաքսիստներին ապօրինի վարձատրում են ուղևորների շրջանում քարոզ անելու համար»

«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն էլ ասում է՝ տեղեկություններ կան նաև տաքսիստների մասին. «Անկախ դիտորդ»-ում մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ որոշ քաղաքական ուժեր տաքսիստներին ապօրինի վարձատրում են ուղևորների շրջանում քարոզ անելու համար։ Հարգելի տաքսիստներ, եթե ձեզ գումար են առաջարկում որևէ կուսակցության քարոզչություն անելու համար, կապնվեք մեզ հետ»։

Բայց Իոաննիսյանն «Ազատությանն» ասաց՝ մինչ այժմ որևէ վարորդ իրենց չի դիմել։ Ընդհանուր առմամբ «Անկախ դիտորդն» ընտրախախտումների վերաբերյալ մեկ տասնյակից ավելի ահազանգ է ստացել։ Որոշ դեպքերում հաղորդումներն իրավապահներին են ուղարկել։

«Իշխանության վերաբերյալ ստացած ահազանգերը ավելի շատ վարչական ռեսուրսի չարաշահման կամ չարաշահմամբ զուգորդվող այլ խախտումների մասին են։ Որոշ ընդդիմադիր ուժերի մասով ստացած մեր ահազանգերն էլ վերաբերվում են ընտրակաշառքին կամ ընտրակաշառքի նման գործողություններին, ինչպես նաև հավաքներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելուն և հավաքներին մասնակցելու պարտադրանքին», - ասաց Իոաննիսյանը:

Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք՝ վերջին մեկ ամսվա ընթացքում ընտրական ճնշումների վերաբերյալ քանի՞ ահազանգ են ստացել և դրանցից քանիսի՞ն են ընթացք տվել։ Ասացին՝ այդպիսի վիճակագրություն չեն վարում։ Իսկ արդյոք Գլխավոր դատախազությունը մոնիթորինգ անո՞ւմ է ընտրական ճնշումների ու վարչական ռեսուրսների կիրառման վերաբերյալ մամուլի հրապարակումները։ Այս կառույցից էլ չպատասխանեցին, հորդորեցին հարցերը գրավոր ուղարկել՝ ի՞նչն արել ենք։

Այս ընթացքում հատկապես ակտիվ է Հակակոռուպցիոն կոմիտեն, որը պարբերաբար ընտրախախտումների վերաբերյալ քրեական վարույթներ է հարուցում։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG