Դատարանը հիմնազուրկ է համարել նախաքննական մարմնի պնդումները, թե գործարար Սամվել Կարապետյանի գրասենյակի աշխատակիցը ընտրակաշառք է բաժանել, պնդում է այս գործով զբաղվող փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Ըստ նրա՝ հենց այդ պատճառով էլ կաշառքի մեղադրանքով օրերս ձերբակալվածներից մեկին կալանավորելու քննիչի միջնորդությունն ամբողջությամբ մերժվել է: Այս դրվագով մեղադրվող երեք անձանցից միայն մեկն է այս պահին կալանավորված:
«Կաշառքի դրվագը առաջինը դատարանը վերլուծեց, այս բոլոր իրավահարաբերությունները կասկածի տակ չդնելով՝ եղել է, չի եղել, ասաց, որ անգամ եթե 100 տոկոսով հաստատված է էս ամեն ինչը, այստեղ քրեորեն պատժելի արարք չկա, չկա այստեղ կաշառքի դեպք», - ասաց փաստաբանը:
Ըստ իրավապահների՝ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում գրասենյակ է բացել, գրանցել ձևական աշխատակիցների և նրանց հանձնարարել հավաքագրել մարդկանց, ովքեր ընտրություններին կքվեարկեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին։ Հակակոռուպցիոն կոմիտեից պնդել են, թե ընտրակաշառքի փաստը քողարկելու համար այդ անձանց տրամադրվող գումարը ձևակերպվել է որպես աշխատավարձ:
«Դատարանն ասաց՝ հա, երևում է խոսակցություններից, որ աշխատավարձ է ստացել, «Ուժեղ Հայաստանի» օգտին բուկլետներ է բաժանել ու խոստացել է քարոզչության ընթացքում էլ 140 ձայն բերի: Սա լրիվ տեղավորվում է նախընտրական քարոզչության շրջանակներում, այսինքն, այստեղ ընդհանրապես հանցագործության դեպք չկա, դատարանը ոչ միայն կալանքը խափանման միջոց չընտրեց, դատարանը ընդհանրապես որևէ խափանման միջոց չէր էլ կարող ընտրել, որովհետև հիմնավոր կասկածը գտավ չկա, ավելին, ոչ միայն հիմնավոր կասկածը չկա իմ պաշտպանյալի արարքի հետ կապված, այլ դատարանը վերլուծեց այդ արարքը և պատճառաբանված հիմնավորեց, որ այդ արարքը քրեորեն պատժելի արարք չի», - ներկայացրեց Տիգրան Հայրապետյանը:
Նախաքննական մարմնի տարածած հաղորդագրության մեջ լսվում է, թե ինչպես են երկու տղամարդ քննարկում երրորդ մեկին ընդհանուր առմամբ 150 հազար դրամ տալու հարցը, մեկ այլ տղամարդ էլ դժգոհում է, որ հունվար ամսվա համար փող չի ստացել և 180 հոգուն, որն ինքը ունի, «կտա ուրիշին»:
«Փաստերն ասում էին, որ անձն աշխատավարձ է ստացել, այդ աշխատավարձը ստացել է, մեկ ամիս գնացել է բուկլետներ է բաժանել, 2-րդ ամիսը չի գնացել բուկլետներ բաժանելու, իրեն աշխատավարձը չէին տվել, ինքն էլ նեղացել էր, ասում էր՝ «չեմ գալիս ձեր հետ, էդ 180 ձայնը կտանեմ ուրիշին կտամ», սա էր խոսակցությունը: Անհեթեթ է չէ՞ 150 հազար դրամ վերցնել 180 ձայնի համար, այսինքն ամեն մեկին 730 դրամ պետք է ինքը բաժաներ», - նշեց Հայրապետյանը:
Դատախազությունից հայտնում են՝ դատարանի որոշումը բողոքարկելու են
Դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ այս գործով ձերբակալվածների վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկելու են: Փաստաբանի խոսքով՝ սպասելի էր, որ դատախազությունը կբողոքարկի. «Փորձելու են հասնեն նրան, որ ինչ-որ մի դատարան ասի՝ «չէ, էս դատարանը սխալ էր, կա էստեղ»:
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունից հետո ՔՊ-ականները տարբեր ամբիոններից մեղադրում են, թե գործարար Սամվել Կարապետյանի ուժը զբաղված է կաշառք բաժանելով: Մինչև իրավապահները կապացուցեն, որ իսկապես կաշառք բաժանվել է, թե ոչ, նույնը պնդել է նաև վարչապետը:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որին դուք այսպես թվագրում եք, փաթեթավորում եք, որոշում եք, որ փողով կարող եք առնել և ծախել, ձեզ ապրանքի պես փաթեթավորելու է ու դնելու է այն տեղը, որին դուք արժանի եք», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև կարդում էր նախաքննական մարմնի հրապարակած ձայնագրությունից: Փաստաբանն այսօր նաև պնդեց, թե այդ բոլոր գաղտնալսումներն արվել են առանց դատարանի որոշման: Պնդեց՝ համատարած գաղտնալսում են «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին:
«Երբ դատարանում հարցրեցինք՝ դուք գաղտնալսում եք ներկայացնում, ունե՞ք դատարանի թույլտվություն, պարզվեց դատարանի թույլտվություն էլ չունեն, իսկ այն արարքի մեջ, ինչ որ մեղադրում են, ընտրակաշառք վերցնելը շատ ավելի մեղմ հանցագործություն է, եթե հաստատվի դա, քան երբ դու պաշտոնատար անձ ես, քո լիազորությունները չարաշահելով անձանց գաղտնալսես», - ասաց փաստաբանը:
Հակակոռուպիցոն կոմիտեից փորձեցինք պարզաբանում ստանալ փաստաբանի այս պնդման վերաբերյալ, սակայն մեր զանգերին չպատասխանեցին: