Մատչելիության հղումներ

Տարածաշրջանը կայրվի, քանի դեռ Թրամփը հետևում է Նեթանյահուի հրահանգներին. պնդում է Թեհրանը

Իրանի խորհրդարանի նախագահն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին մեղադրել է «անխոհեմ քայլեր» անելով ԱՄՆ-ին «դժոխքի մեջ ներքաշելու» համար:

«Ողջ տարածաշրջանը կայրվի», քանի դեռ ԱՄՆ նախագահը հետևում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրահանգներին, սոցցանցում զգուշացրել է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը: «Մի՛ սխալվեք. դուք ոչինչ չեք շահի պատերազմական հանցագործություններով: Միակ իրական լուծումը Իրանի ժողովրդի իրավունքները հարգելն ու այս վտանգավոր խաղը դադարեցնելն է»,- հավելել է նա:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, իր հերթին, զգուշացրել է՝ Իրանն արագ հակահարված կտա ԱՄՆ ցանկացած հարձակմանը:

«Մեր զինուժը հստակ հայտարարել է՝ եթե իրանական ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, մենք նույն կերպ կպատասխանենք։ Մեր զինուժը կհարվածի նմանատիպ ենթակառուցվածքների, որոնք պատկանում են ԱՄՆ-ին կամ նպաստում Իրանի դեմ նրա ագրեսիային», - ասել է նա։

ԱՄՆ նախագահը ավելի վաղ ասել էր, թե իր կարծիքով՝ այսօր Իրանի հետ կկարողանան համաձայնության գալ: Հակառակ դեպքում Թրամփը սպառնացել էր պայթեցնել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները:

XS
SM
MD
LG