Ռուսաստանից Հայաստան Wildberries-ի ապրանք տեղափոխող բեռնատարի վարորդը կադրերով է ցուցադրում, որ Վլադիկավկազի երկու մաքսակետերում տասից ավելի բեռնատարներ են կանգնած: Վարորդը պատմեց՝ օրեր շարունակ չեն կարողանում դուրս գալ Ռուսաստանից և ապրանքը Հայաստան հասցնել:
«Որ ասել էին՝ «ամսու 12-ին ձեր հարցերը կլուծվի», էսօր արդեն 13-ն ա: Ստեղ ամսու 6-ից, 7-ից, 8-ից, 9-ից ավտոները մտած են ու կայնած են, մինչև էսօր աֆորմիտ [ձևակերպում՝ ռուսերեն - խմբ.] չկա: Մոտիկանում ենք, ասում են՝ «էդ հարցը տվեք Wildberries-ին, մեզ ասել են վերևներից, ոնց որ վերևներից ա հարցը, որ աֆորմիտ չենք կարում անենք մենք, մինչև մեզ պրիկազ չտան, մենք աֆորմիտ չենք ըլնում», - պատմում է վարորդը:
Վերջին շաբաթներին հազարավոր հայ տնտեսվարողների ապրանքներ Wildberries-ի և Ozon-ի ռուսական հարթակում տեսանելի չէին: Սա նշանակում է, որ եթե տվյալ ապրանքը պահեստում սպառվել է, Հայաստանից ուղարկված նոր խմբաքանակը չէր մտնում Ռուսաստան։
Դեռ 2022 թվականից էր Ռուսաստանը երկիր մտնող ապրանքների արտադրության և ներմուծման ծագման փաստաթղթերը պահանջում: Վերջերս նաև ռուսական օնլայն հարթակների՝ Ozon-ի և Wildberries-ի վրա է տարածվել այս կարգավորումը: Վերջին օրերին այդ թղթերը ներկայացրած հայ տնտեսվարողներից շատերի խնդիրները լուծվել են, սակայն հազարավոր վաճառողներ դեռ փորձում են անցնել այս նոր ֆիլտրով: Ու չնայած Ռուսաստանից Հայաստան եկող անցակետերում գնալով ավելանում է Wildberries-ի ապրանք բերող մեքենաների թիվը՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երկու օր առաջ «Ազատությանն» ասել էր. - «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք շատ լավ աշխատում ենք, ընթացքում ինչ-որ խնդիրներ լինում են՝ լուծում ենք: Տեսեք, օրինակ, Wildberries-ի ու Ozon-ի հետ կապված խնդիրը՝ ուրբաթ օրը արդեն ընկերությունները հայտարարություն տարածեցին, որ մասամբ խնդիրը լուծվել է: Հիմա էլ աշխատում են պետական մարմինների հետ, որ մյուս հատվածը լուծվի»:
«Այսինքն՝ հարցեր միշտ էլ կարող են լինել: Պետություններ են, օրենքներ են փոխում, և էդ օրենքի փոփոխության արդյունքում կարող է ինչ-որ մի օր որոշ տնտեսվարողներ պատրաստ չլինեն, և առաջանա հարց, բայց դա արագ պետք է լուծել», - նշել էր նախարարը:
Իսկ այսօր Wildberries-ի հայաստանյան ներկայացուցչությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ միջազգային առևտրային հարթակների գործունեության պայմաններում առաքման ժամկետները կարող են փոփոխվել նաև լոգիստիկ գործոններով պայմանավորված: Wildberries-ից նաև նշել են՝ հաճախ մեկ բեռնատարում համախմբված են տարբեր տնտեսվարողների ապրանքներ, սա լրացուցիչ ժամանակ է խլում փաստաթղթերի ստուգման համար: Ընկերությունից վստահեցնում են՝ ամեն ինչ անում են ուշացումները նվազագույնին հասցնելու և առաքումները հնարավորինս սեղմ ժամկետում ապահովելու համար:
Պարբերաբար «Ազատությանը» դիմող այս վարորդի այսօրվա ուղարկած կադրերից երևում է, որ ոչ միայն դեպի Ռուսաստան գնացող, այլև Ռուսաստանից Հայաստան եկող Wildberries-ի ապրանքների հետ են խնդիրներ առաջացել:
«Մոտիկացել ենք նորից բրոքերներին՝ մեր կաբինետի, ասեց՝ «մենք էս հարցը չենք լուծում», զանգեց իրանց պրյամո ստարշի սմենին [հերթափոխի ավագին՝ ռուսերեն - խմբ.], միկրաֆոնը միացրեց, հարց ա տալի, ասում ա՝ Wildberries-ից ժողովուրդը էկել են, մոտիկացել են, ի՞նչ ա կատարվում», էդ մարդն էլ ասեց՝ «մեզի ասել են, որ պիտի չլնի աֆորմիտ», վսյո, էդքան բան: Դե հիմա արեք մտածենք՝ ոնց ա, ինչ ա կատարվում», - նշեց վարորդը:
Որ բոլորն իրեն հավատան, վարորդը հերթով մոտենում է բեռնատարներին, ցույց տալիս կնիքները, նշում, որ դրանք Wildberries-ի կնիքներն են: Ասում է՝ կանգնած են ոչ միայն հայկական, այլև Օսիայի բեռնատարներ, որոնք նույնպես Wildberries-ի ապրանք են տեղափոխում Հայաստան։
Պնդում է՝ տարիների փորձից է համոզվել, որ հայ-ռուսական հարաբերությունների նույնիսկ փոքր լարումն առաջինը զգացվում է հենց մաքսակետերում։ Կարծում է՝ այսպիսով Ռուսաստանը կրկին իր ուժն է ցույց տալիս Հայաստանին:
Այս ընթացքում, «երեքից հինգ ավտո վերևն ա կայնած, ներքևը մոտ տսից հլը դաժե ավել մինչև հմի ստայանկում ա կայնած, ու ավելանում են իրանք, օր-օրի ավելանում են, գալիս են», - ասաց ներկայանալ չցանկացող վարորդը:
«Ազատության» այսօրվա ֆեյսբուքյան հարցումը ցույց տվեց, որ շատերի՝ Wildberries-ով պատվիրած ապրանքները սկսել են ուշանալ, կամ երկարաձգվել են առաքման ժամկետները։ Օգտատերերից մեկն ասաց՝ շուրջ երեք շաբաթ սպասում է իր պատվերին։
Ռուսաստանում մնացած բեռնատարի վարորդն ասում է՝ հնարավոր է այդ պատվերների մի մասն էլ հենց իր մեքենայում լինի: «Երբ մենք հասնենք Հայաստան, ուշացող ապրանքներն էլ կհասնեն պատվիրատուներին»,- շեշտեց նա: Բայց երբ՝ չգիտի։
Այդ հարցի պատասխանը «Ազատությանը» նույնպես չհաջողվեց ստանալ ոչ Էկոնոմիկայի նախարարությունից, ոչ էլ Wildberries-ի հայաստանյան ներկայացուցչությունից։