Ռուսական Wildberries-ում և Ozon-ում ապրանք վաճառողներն այսուհետ փաստաթղթերով պետք է ապացուցեն, թե որ երկրի արտադրանք են ներմուծում ռուսական շուկա։ Ռուսաստանն այս խստացումները դեռ 2022-ից էր սկսել, իսկ հիմա այս պահանջը նաև օնլայն հարթակների վրա է տարածում։
«Դուրս է գալիս, որ Ռուսաստանը սկսավ իր ստեղծած ԵԱՏՄ համակարգին չվստահել։ Իրականում ԵԱՏՄ կանոնակարգով այդ փաստաթղթերի պահանջը պետք է չլիներ, քանի որ եթե ապրանքը արդեն այստեղ մաքսազերծվել է, կարար հանգիստ տեղափոխվեր Ռուսաստան և ընդամենը ԱԱՀ վճարվեր և վերջ։ Այսինքն ԵԱՏՄ գաղափարն է կոտրվում քիչ-քիչ», - ասաց վաճառողներից Սամսոն Գրիգորյանը։
Տեխնիկա վաճառող Սամսոն Գրիգորյանն ասում է՝ այս կարգավորումը միայն Հայաստանին չի վերաբերում: Ըստ նրա՝ Ռուսաստան ապրանք տանող ընկերությունները դեռ նախորդ տարվանից պետք է կանխատեսեին այս խստացումները։ Գործարարի խոսքով՝ մինչ այս կոնտեյներներով ապրանքներն անխոչընդոտ և ավելի էժան էին հասնում Ռուսաստան։
«Բերվում էր ապրանքը Ղազախստան, որոշակի գումար դրվում էր մաքսավորների գրպանը, ապրանքը առանց այլևս մաքսազերծման գնում էր Ռուսաստան։ Իրական ապրանքը, քանակները, գները չէր գրվում։ Սա անում էին կիլոն երկու, երկուսուկես դոլարով տնտեսվարողներից վերցնում էին բեռնափոխադրողները, խոսքս Ռուսաստանի մասին է, և հասցնում էին Ռուսաստան։ Ռուսաստանի ամբողջ շուկան ստացվում էր չմաքսազերծված։ Հիմա արգելեցին, որպեսզի տնտեսվարողները տանեն Ղազախստան, ինչ պատահի գրեն, և շատ էժան գներով ներմուծեն Ռուսաստան։ Դրա համար սկսեցին պահանջել փաստաթղթեր», - նշեց Գրիգորյանը։
Նախորդ շաբաթվանից Wildberries-ը և Оzon-ը Ռուսաստանում ժամանակավորապես դադարեցրել են այն ապրանքների վաճառքը, որոնք գտնվում են իրենց հայաստանյան պահեստներում, բայց վաճառվում Ռուսաստանում: Մնացած բոլոր դեպքերում, ըստ ընկերության, վաճառքի խնդիր չկա:
Wildberries-ը պաշտոնապես հայտարարել է, թե սահմանային անցակետերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար է այս սահմանափակումը կիրառել, բայց նաև նշել են, որ հավելյալ փաստաթղթեր են պահանջելու:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը հիշեցնում է՝ Ռուսաստանը դեռ 2022-ից է հիմնովին փոխել իր երկիր մտնող ապրանքների ստուգման կարգը։ Այժմ գրեթե բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների համար պահանջվում են մանրամասն և անհերքելի ապացույցներ դրանց ծագման վերաբերյալ։ Ըստ տնտեսագետի՝ ռուսական իշխանությունները խստացումները սկսել են ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից հետո:
«Ռուսաստանը հայտնվեց ապրանքների որոշակի պակասորդի առջև։ Հայաստանը, Ղրղըզստանը, Բելառուսը, Ղազախստանը և այլ երկրներ դարձան այդ պատժամիջոցները շրջանցելու երկրներից։ Չի կարող արգելել երրորդ երկրներից առևտուրը Հայաստանի միջոցով, քանի որ հենց ինքն էլ է օգտվում դրանցից։ Առևտրային հարթակների զարգացումը վերջին տարիների ընթացքում դարձել է նաև այդ սանկցիաները շրջանցելու միջոց։ Հիմիկվա քաղաքականությունը ուղղված է նրան, որ հարկերը վճարվեն այն երկրում, որտեղ վաճառվում են այդ ապրանքները։ Այսինքն, եթե այդ ապրանքը եկել է Հայաստան, հետո վերաարտահանվել է Ռուսաստան, ապա Ռուսաստանում պետք է վճարվի ավելացված արժեքի հարկը։ Այս մոդելը կա բոլոր երկրներում», - ասաց Պարսյանը։
Գործնականում սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը սկսել է պահանջել ոչ միայն ապրանքի սովորական ծագման հավաստագիրը, այլև մատակարարման ամբողջ շղթայի բացահայտումը։ Մաքսավորներն այժմ հետևում են ապրանքի ճանապարհին՝ արտադրող գործարանից մինչև վերջնական գնորդ։ Այսպիսի պահանջ նախորդ տարի դրել էին Հայաստանից ծաղիկ արտահանողների առաջ:
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անցած շաբաթ ոչ միայն ռուսական նոր կարգավորումներից չէր խոսել, այլ քաղաքական ենթատեքստ էր տեսել՝ սլաքներն էլ ուղղելով հայաստնյան երկու ընդդիմադիր ուժերի կողմը: Առանց հստակ անուններ նշելու, Պապոյանը գրել էր, նրանք Հայաստանի վրա «դանոս» են գրել:
«Խնդրից հատկապես ուրախացել ու հրճվում են այդ երկու ուժերին սատարող ռևանշիստները։ Տասնյակներով արդեն ինքնահրճվում են այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել։ Այս հարցն էլ ենք լուծելու։ Դուք այսօրվան հասաք ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոս գրելով։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն», - նշել է նախարարը:
Սամսոն Գրիգորյանը, որ իր ապրանքները վաճառում է նաև Wildberries-ում և Оzon-ում, կարծում է, որ էկոնոմիկայի նախարարն այսպիսի գրառում անելու փոխարեն, կարող էր նախաձեռնել Ռուսաստանին հայելային պատասխան տալու տարբերակը. «Գևորգ Պապոյանը լավ կլիներ, որ հենց այսօր փակեր Ռուսաստանի վաճառողների ապրանքների ցուցադրումը Հայաստան։ Ասեր՝ դե երբ դուք կբացեք, էն ժամանակ էլ մենք կբացենք։ Երբ դուք թղթերով կուղարկեք, մենք էլ թղթերով կուղարկենք»։
Տնտեսագետ Սուրն Պարսյանն ասում է՝ տնտեսվարողի այս առաջարկը Հայաստանը կարող է իրագործել, օրենքը թույլ է տալիս, բայց նշում է. «Տարեկան մենք կարող ենք մինչև 50-60 միլիարդ դրամ գումար գանձենք այդ վերաարտահանումներից, շատ համեստ հաշվարկներով։ Այդ գումարները մեր պետական բյուջե են մտնում։ Հետագայում այդ կազմակերպությունը, որ տանում է Ռուսաստան պետք է այդ գումարի մի մասը հետ տա կառավարությունից։ Իսկ Հայաստանի կառավարությունը նախընտրում է այդ գումարները պահի Հայաստան։ Եթե Հայաստանը նման քաղաքականություն է վարում, ապա ռուսական կողմն էլ կարող է նման քաղաքականություն վարել։ Դա նաև մեր օրենսդրությամբ նախատեսված է»:
Ռուսաստանի այս նոր պահանջները լուրջ խնդիրներ են ստեղծել հայ արտահանողների համար, նրանք սկսել են ավելի հաճախ բախվել լրացուցիչ փաստաթղթային պահանջների, բեռների ժամանակավոր կասեցման և մանրակրկիտ ստուգումների: Անցած տարի այսպիսի դժվարություններ ունեցան կոնյակագործները, որոնց արտադրանքը նաև Վրաստանի անցակետում էր մանրակրկիտ ստուգվում, թեև ռուսական շուկայում էր վաճառվելու: Հիմա էլ «Ջերմուկ Գրուպն» է Ռուսաստանում հայտնվել ճգնաժամային վիճակում: Գրեթե մեկուկես միլիոն շշի վաճառքն արգելվել է, ըստ ռուսական կողմի, որակի հետ կապված խնդիրների պատճառով: