Մատչելիության հղումներ

Ռուսաստանում «Ջերմուկ»-ի արգելքն ու վաճառողների նոր խնդիրները Wildberries-ում և Ozon-ում

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանում «Ջերմուկ» հայկական ջրերի 1 միլիոն 338 հազար շշի վաճառքի արգելքը ՀՀ վարչապետն ու էկոնոմիկայի նախարարը Հայաստանի դեմ քաղաքական հաշվեհարդար չեն համարում:

«Ջերմուկ»-ի արտահանման մասով Ռուսաստանում խնդիրներ առաջացան: Սա կապվա՞ծ է ընտրական գործընթացի հետ», - լրագրողի այս հարցին Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. - «Ինչ վերաբերում է արտահանման հետ կապված խնդիրներին, ժամանակ առ ժամանակ էդ հարցերը ծագում են և լուծվում են, և համոզված եմ, որ հերթական անգամ, հարցեր միշտ էլ առաջանում են բոլոր ուղղություններով»:

«Նորմալ է, մեր բոլոր հարցերն էլ կլուծվի, էդպիսի հարցեր ե՞նք լուծել», - իր հերթին, հայտարարեց Գևորգ Պապոյանը՝ քաղաքական ենթատեքստի մասին հարցին պատասխանելով. - «Չկա, չեմ տեսնում: Կլուծենք»:

Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել էր, որ «Ջերմուկ»-ի որոշ խմբաքանակներում պարտադիր պահանջների խախտումներ կան, և դրանք կարող են վնասել սպառողների առողջությունը։

2024-ին ռուսական կողմը կրկին կասեցրել էր «Ջերմուկ»-ի որոշ խմբաքանակների վաճառքը, երբ Հյուսիսային Օսիայում 65-ամյա տղամարդը մահացել էր, ըստ նրանց վարկածի, «Ջերմուկ» խմելուց հետո: Ռուս իրավապահները պնդել էին, թե շշում քացախաթթու է եղել: Այդ ժամանակ Հայաստանի Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) հակադարձել էր՝ ստուգումներ են արել «Ջերմուկ»-ի մայր գործարանում և ոչ մի խախտում չեն հայտնաբերել: «Ջերմուկ Գրուպ»-ն այդ օրերին հերքել էր այս ամենն ու հայտարարել՝ իրենց որևէ աշխատակից անգամ մեղադրյալի կարգավիճակ չունի: Իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նրանք լուռ են՝ ո՛չ զանգերի են պատասխանում, ո՛չ պաշտոնական հայտարարություններ տարածում:

Էկոնոմիկայի նախարար Պապոյանը, սակայն, վստահ է՝ «Ջերմուկ»-ի որակը բարձր է. - «Ես ինքս հավատացած եմ, որ մեր, որ «Ջերմուկ»-ը բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին, և ես բացարձակ կասկած չունեմ, որ «Ջերմուկ»-ի հարցը լուծվելու է, և մենք շարունակելու ենք տասնյակ, հարյուրավոր միլիոն հատերով «Ջերմուկ» արտահանել»:

ՍԱՏՄ-ից դեռ պնդում են՝ ռուս գործընկերներից օրեր շարունակ պաշտոնական բացատրություն չեն ստանում, բայց իրենք այս անգամ նույնպես ինքնուրույն են որոշել ստուգումներ անել «Ջերմուկ»-ի գործարանում։

«Ե՛վ արտադրությունից, և՛ իրացման ցանցից վերցված նմուշները փորձաքննության կենթարկվեն, և անկախ այն հանգամանքից՝ դրանք ինչպիսին կլինեն, պատասխանները մենք անպայման կհրապարակենք։ Նրա լաբորատոր փորձաքննությունը հիմնականում տևում է հինգից յոթ օր», - «Ազատությանն» ասաց ՍԱՏՄ մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Նախորդ ամիս Փաշինյան-Պուտին լարված հանդիպման ընթացքում Ռուսաստանի ղեկավարը մի քանի անգամ Հայաստանի վարչապետին հիշեցրել էր, թե որքան կարևոր է ռուսական շուկան Հայաստանի համար։ Չնայած հայ պաշտոնյաները չեն կարծում, որ այս հանդիպումից հետո ռուսական շուկայում հայկական բիզնեսների գլխին սև ամպեր են կուտակվում, այդուհանդերձ, ռուս գործընկերները ոչ ՍԱՏՄ-ին, ոչ էլ Էկոնոմիկայի նախարարությանը չեն տեղեկացնում՝ ի՞նչ խնդիր կա «Ջերմուկ»-ի հետ:

Իսկ ինչո՞ւ Հայաստանից չեն դիմում ռուս գործընկերներին, Պապոյանին հարցրեցին լրագրողները։

«Քանի որ չենք ստացել պաշտոնական նամակ Ռուսաստանի Դաշնության որևէ պետական մարմնից, ասենք, օրինակ, «Ռոսսելխոզնաձոր»-ից, Մինէկոնոմից, որևէ տեղից չենք ստացել, հետևաբար՝ ես չեմ կարող մեկնաբանել ու չեմ կարող որևէ բան այդ մասով ասել։ Չեմ դիմել, որովհետև ընկերությունն էլ դեռ մեզ չի դիմել։ Հետևաբար՝ երբ որ ընկերությունը կամ պետական որևէ մարմին, այսինքն՝ որևէ պաշտոնական օղակ, կդիմի մեզ, մենք միանգամից կարձագանքենք», - վստահեցրեց էկոնոմիկայի նախարարը:

Ռուսաստանի պետական մարմինները հայտարարում են՝ օֆլայն ու օնլայն խանութներից հավաքել են «Ջերմուկ» հանքային ջրերը։ «Ազատության» ֆեյսբուքյան հարցմանն արձագանքած՝ Ռուսաստանում բնակվող օգտատերերի մի մասը հաստատել էր, որ նախկինի պես բոլոր խանութների դարակաշարերում չեն տեսնում հայկական հանքային ջուրը։ Ոմանք էլ ոչ միայն տեսել, այլև գնել էին՝ թե՛ օֆլայն, թե՛ օնլայն։

«Ջերմուկ»-ի շուրջ ծավալված այս աղմուկից հետո օրվա ընթացքում հաջորդ լուրը տարածվեց. օնլայն առևտրի ռուսական հարթակները՝ Wildberries-ն ու Ozon-ը, դադարեցրել են հայաստանյան ընկերությունների վաճառքները։

Տարոն Պապիկյանը, որ հազարավոր մարդկանց սովորեցրել է, թե ինչպես իրենց ապրանքը ռուսական այս պլատֆորմներում վաճառել, իր բազմահազարանոց լսարանին մատչելի բացատրեց. - «Բոլոր այն դեպքերում, երբ հայկական ընկերությունը Wildberries-ում ու Ozon-ում վաճառում է Ռուսաստանից, այսինքն՝ ապրանքը պահեստավորված է Wildberries-ի ու Ozon-ի ռուսաստանյան պահեստներից, առնվազն այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա»։

Ռուսաստանում որոշ ապրանքների մաքսազերծման ժամանակ կիրառվում են լրացուցիչ ստուգումներ և վերահսկողության նոր ընթացակարգեր, պաշտոնական հայտարարությունում նշել էր Wildberries-ն ու հիշեցրել, որ ապրիլի 20-ից Ռուսաստանը փոխել է մաքսային ձևակերպման կանոնները՝ վաճառողներից պահանջվում են լրացուցիչ փաստաթղթեր՝ անհրաժեշտ թարմացված ընթացակարգերի շրջանակներում։ Կարճ ասած՝ տնտեսվարողը պարտավոր է ապրանքի ծագումնաբանությունը ներկայացնել։

«Ռուսաստանի պահեստներում արդեն առկա ապրանքները շարունակում են իրացվել սովորական ռեժիմով, իսկ վաճառողները պահպանում են Հայաստանի ներքին շուկայում գործելու հնարավորությունը», - հայտարարել էր ընկերությունը:

Wildberries-ի այաստանյան ներկայացուցչությունը պնդում է՝ հանդիպել են
ավելի քան հինգ տասնյակ հայ ձեռնարկատերերի հետ ու ներկայացրել խնդիրները, վստահեցնում են՝ կապի մեջ են գործընկերների և համապատասխան կառույցների հետ ու հետևում են իրավիճակի զարգացմանը։

Պաշտոնական այս հայտարարություններին զուգահեռ՝ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում չորս փաստ նշելով կատարվածում ընդդիմադիր երկու ուժերի մեղադրեց։

«Խնդրից հատկապես ուրախացել ու հրճվում են այդ երկու ուժերին սատարող ռևանշիստները, տասնյակներով արդեն ինքնահրճվում են այն փաստից, որ հայ արտադրողի համար խնդիրներ են ստեղծվել։ Փաստ երեք՝ այս հարցն էլ ենք լուծելու։ Դուք այսօրվան հասաք ամիսներ շարունակ այլ երկրների չինովնիկներին Հայաստանի վրա դանոս գրելով։ Հայաստանի ու հայ արտադրողի վրա օտար երկրում մատնություն գրողները Հայաստանի քաղաքական կյանքում տեղ չունեն», - գրել է Պապոյանը:

Էկոնոմիկայի նախարարը, սակայն, իր մեղադրանքների մեջ ոչ մի կոնկրետ անուն չի տալիս, նաև չի նշում, թե արդյոք հստակ փաստեր ունի «դանոս» գրողների մասին։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG