Անցած գիշեր ուկրաինական ուժերը հարվածել են Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի ձեռնարկություններից մեկին, որի հետևանքով վնասվել են արտադրական օբյեկտներ, հայտնել է մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը։
Նրա խոսքով՝ վնասների վերացման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ձեռնարկության աշխատակիցներից մեկի մարմինը։ Եվս 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Բոչարովը նաև նշել է, որ շարունակվում են ևս մեկ անհետ կորած անձի որոնողական աշխատանքները։
Նահանգապետի խոսքով՝ քաղաքը ենթարկվել է «բարձր արագությամբ օդային թիրախների» հարձակման։ Թե կոնկրետ որ ձեռնարկությունն է դարձել թիրախ, նա չի հստակեցրել, միայն նշել է, որ այն գտնվում է Կրասնոոկտյաբրսկի շրջանում։
Այդ շրջանում է տեղակայված «Տիտան-Բարիկադներ» գիտաարտադրական կենտրոնը, որը մասնագիտացած է հրետանային և հրթիռային տեխնիկայի արտադրության մեջ։
Կան տվյալներ, որ հրդեհը բռնկվել է հենց այդ գործարանի տարածքում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է «Տիտան-Բարիկադներ» ձեռնարկության վրա հարձակման փաստը։ Նրա խոսքով՝ հարվածել են մեծ հեռահարության «Ֆլամինգո» թևավոր հրթիռներով։
«Սա խոշոր արդյունաբերական համալիր է, որտեղ հակառակորդն արտադրում է հրետանային համակարգեր և հատուկ ռազմական տեխնիկա, մասնավորապես՝ հրթիռային արձակման կայանների տարրեր, որոնք օգտագործվում են մեր քաղաքացիների դեմ հարվածներ հասցնելու համար», նշել է Զելենսկին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 175 անօդաչու թռչող սարք, սակայն Վոլգոգրադը նախարարության հրապարակած ամփոփագրում չի հիշատակվել։
«Տիտան-Բարիկադներ» ձեռնարկությունը գտնվում է ԱՄՆ-ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների պատժամիջոցների տակ։