Մենք երբեք Հայաստանում գործող ռուսական ռազմաբազի հարցը քննարկման չենք դրել, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ հավելելով՝ «Ռուսաստանն է դրել քննարկման, և մենք դիրքավորվում ենք այդ քննարկման շուրջ»:
«Բա ի՞նչ անենք, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդի նման ասենք՝ «գնացինք մարդի, ունեցանք, որդի, անունը Կիկոս, գդակը՝ պոպոզ, բազան հանեցին, վեր ընկանք քարին, մնացինք անտեր»: Չէ, ուզում են հանեն, թող հանեն», - ասաց Վարչապետը:
Փաշինյան ընդգծեց՝ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցուց են տվել, որ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կեսական նշանակություն:
Բիշքեկում այս ամսվա սկզբին Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանին չի պարտադրելու իր ռազմական ներկայությունը և պատրաստ է հեռանալ, եթե Երևանը ռազմաբազայի անհրաժեշտությունը չի տեսնում։
Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Պուտինի հետ ռազմաբազայի հարցը չի քննարկել։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել էր՝ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, Երևանը չի առարկի, իսկ եթե Մոսկվան ցանկանա մնալ, հայկական կողմը պատրաստ է դա քննարկել։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Գյումրիի ռազմաբազան «կենսական նշանակություն չունի»։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ օրերս ասեր էր, թե Մոսկվան մտադիր է պահպանել Շիրակում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրերը և ակնկալում է համանման դիրքորոշում Հայաստանից:
Ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայվել է 1995 թվականին, հսկում է հայ - թուրքական սահմանը: Հայ - ռուսական միջպետական պայմանագրով դրա տեղակայման ժամկետն ավարտվում է 2044 թվականին: Բաց աղբյուրների համաձայն՝ ռազմաբազայում 3000-4000 զինծառայող կա: