Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից զորակազմը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ ռազմաբազան շարունակում է մնալ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության համակարգի «առանցքային տարր»։
Բիշքեկում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանին չի պարտադրելու իր ռազմական ներկայությունը և պատրաստ է հեռանալ, եթե Երևանը ռազմաբազայի անհրաժեշտությունը չի տեսնում։
Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Պուտինի հետ ռազմաբազայի հարցը չեն քննարկել։ Միևնույն ժամանակ վարչապետը հայտարարել էր՝ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, Երևանը չի առարկի, իսկ եթե Մոսկվան ցանկանա մնալ, հայկական կողմը պատրաստ է դա քննարկել։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Գյումրիի ռազմաբազան «կենսական նշանակություն չունի»։
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում տեղակայված է 1995 թվականից։ Հայ-ռուսական պայմանագրով դրա տեղակայման ժամկետը սահմանված է մինչև 2044 թվականը։