Մատչելիության հղումներ

Մոսկվան մտադիր է պահպանել ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրերը. Զախարովա

Մոսկվան մտադիր է պահպանել Շիրակում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրերը և ակնկալում է համանման դիրքորոշում Հայաստանից, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության հենարաններից է։ Ավելին, այս պահին որևէ շոշափելի այլընտրանք պարզապես տեսանելի չէ։ Ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում կարգավորվում է համապատասխան երկկողմ համաձայնագրերով։ Մենք մտադիր ենք պահպանել դրանք և ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանը նմանատիպ մոտեցում կցուցաբերի», - ասել է նա։

Զախարովան պնդել է, թե Ռուսաստանը «պատրաստ է քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները»՝ «վարչապետ Փաշինյանի կողմից առաջարկվող երկկողմ կապերի շրջանակներում»։

«Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ Մոսկվայի և Երևանի միջև այս ոլորտում ավանդական համագործակցությունը, ինչպես նաև ընդհանուր մեխանիզմների անխափան գործունեությունը համապատասխանում է մեր երկրների շահերին», - ասել է նա։

Բիշքեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանին չի պարտադրելու իր ռազմական ներկայությունը և պատրաստ է հեռանալ, եթե Երևանը ռազմաբազայի անհրաժեշտությունը չի տեսնում։

Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Պուտինի հետ ռազմաբազայի հարցը չեն քննարկել։ Միևնույն ժամանակ վարչապետը հայտարարել էր՝ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, Երևանը չի առարկի, իսկ եթե Մոսկվան ցանկանա մնալ, հայկական կողմը պատրաստ է դա քննարկել։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Գյումրիի ռազմաբազան «կենսական նշանակություն չունի»։

Ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայվել է 1995 թվականին, հսկում է հայ - թուրքական սահմանը: Հայ - ռուսական միջպետական պայմանագրով դրա տեղակայման ժամկետն ավարտվում է 2044 թվականին: Բաց աղբյուրների համաձայն՝ ռազմաբազայում 3000-4000 զինծառայող կա:

XS
SM
MD
LG