Մատչելիության հղումներ

Փաշինյանը վստահեցնում է՝ «102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց երբեք չի բարձրացրել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ռուսական ռազմաբազայում, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիի ռուսական ռազմաբազայում, արխիվ

«2018-ից շփվում եմ Ռուսաստանի նախագահի հետ և երբեք և ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել», այսօր խորհրդարանում վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք քննարկել», - հավելեց Հայաստանի ղեկավարը:

Բիշքեկում այս ամսվա սկզբին Հայաստանի վարչապետի հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանին չի պարտադրելու իր ռազմական ներկայությունը և պատրաստ է հեռանալ, եթե Երևանը ռազմաբազայի անհրաժեշտությունը չի տեսնում։

Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Պուտինի հետ ռազմաբազայի հարցը չի քննարկել։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել էր՝ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, Երևանը չի առարկի, իսկ եթե Մոսկվան ցանկանա մնալ, հայկական կողմը պատրաստ է դա քննարկել։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Գյումրիի ռազմաբազան «կենսական նշանակություն չունի»։

Գյումրիի ռազմաբազային երեկ նաև Մոսկվայից էին անդրադարձել: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասեր էր, թե Մոսկվան մտադիր է պահպանել Շիրակում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ համաձայնագրերը և ակնկալում է համանման դիրքորոշում Հայաստանից:

«Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության հենարաններից է։ Ավելին, այս պահին որևէ շոշափելի այլընտրանք պարզապես տեսանելի չէ։ Ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում կարգավորվում է համապատասխան երկկողմ համաձայնագրերով։ Մենք մտադիր ենք պահպանել դրանք և ակնկալում ենք, որ պաշտոնական Երևանը նմանատիպ մոտեցում կցուցաբերի», - ասել էր նա։

Զախարովան պնդել էր, թե Ռուսաստանը «պատրաստ է քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները»՝ «վարչապետ Փաշինյանի կողմից առաջարկվող երկկողմ կապերի շրջանակներում»։

«Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ Մոսկվայի և Երևանի միջև այս ոլորտում ավանդական համագործակցությունը, ինչպես նաև ընդհանուր մեխանիզմների անխափան գործունեությունը համապատասխանում է մեր երկրների շահերին», - ասել է նա։

Ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայվել է 1995 թվականին, հսկում է հայ - թուրքական սահմանը: Հայ - ռուսական միջպետական պայմանագրով դրա տեղակայման ժամկետն ավարտվում է 2044 թվականին: Բաց աղբյուրների համաձայն՝ ռազմաբազայում 3000-4000 զինծառայող կա:

XS
SM
MD
LG