Արագածոտնում «Քաղաքացիական պայմանագրի» հավաքներին ուսուցիչների ու աշակերտների մասնակցությունից երկու օր անց՝ իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման նոր ահազանգ. «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը մի ձայնագրություն է հրապարակել, որտեղ լսվում է, թե ինչպես է մի կին ուսանողներին հորդորում մասնակցել Արմավիրում Նիկոլ Փաշինյանի գլխավորած հավաքին:
«Նրանք, ովքեր ունեն այդ հնարավորությունը գալու, նամանավանդ քաղաքի բնակիչներին, խնդրում եմ, ես էլ եմ գալու՝ ժամը 5-ին հրապարակում: Ինձ հանձնարարել են, որ ես ասեմ, ես էլ ձեզ եմ հանձնարարում: Այնպես չլինի, որ ես գնամ կանգնեմ հրապարակում ու տեսնեմ, որ իմ երկու խմբից ոչ մեկ չկա: Նայեք, տեսեք, ես պետք է իմ տնօրինության երեսը պարզ անեմ, դուք էլ՝ իմ»,- ասվում է ձայնագրությունում:
Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է դասախոսը ուսանողներին հայտնում, որ «հանձնարարվել է մաքսիմում շատ լինել».
«Ասվել ա՝ գնում ենք հրապարակ, եղա՞վ... ով, որտեղ, երբ գնա-չգնա, ժամը 5-ին՝ հրապարակ, ինչքան դժվար ընկալեցիք այն, ինչ ասացի...»,- նշում էր կինը:
Ձայնագրություններում ենթադրաբար լսվում է Արմավիրի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գրիգորյանի ձայնը, որը դասավանդում է տարածաշրջանային պետական քոլեջում: Կապվեցինք նրա հետ, մեղադրանքները չի ընդունում, թեև պարզ լսվում են նրա հորդորները.
«Արդեն հասկացա՝ ինչի մասին ա խոսքը, պաշտոնապես հայտարարում եմ՝ ոչ մեկին ոչ մի հրահանգ չեմ տվել, բանսարկություն ա իմ անձի նկատմամբ, քաղաքական մոտիվներով մարդիկ փորձում են սարքել, էսքան բան, սրանից ավելի բան ինձ խնդրում եմ չանհանգստացնել...»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ՔՊ-ական Լուսինե Գրիգորյանը:
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է, որ իրավապահներին ուսանողներին հրահանգելու դեպքի վերաբերյալ հաղորդում կներկայացնեն: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին՝ եթե դիմում լինի, ապա օրենքով սահմանված կարգով կզբաղվեն, այսինքն՝ միայն Թաթոյանի ասուլիսը բավարար հիմք չէ:
«Այստեղ տեղի է ունենում բացահայտ պետական ռեսուրսի չարաշահում, պետության հարկադրանքի լծակներն օգտագործվում են քաղաքացիներին ստիպելու, որ աջակցեն իշխող կուսակցությանը, պետության հարկադրանքի լծակներն օգտագործվում են ընդդիմությանը և նրանց աջակիցներին ճնշելու և ահաբեկելու համար»,- ասում է Արման Թաթոյանը:
Նախկին ՄԻՊ-ը պնդում է՝ վարչական ռեսուրսի կիրառման համակարգված մեխանիզմ են գործի դրել. «Եթե ընդդիմությունը սա աներ, հիմա միանգամից միջոցներ էին ձեռնարկել, բոլորին ձերբակալել էին, բացահայտել էին, ձայնագրությունները հրապարակել էին»:
Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երկու օր առաջ Արագածոտնում դասի ժամին ուսուցիչների ու աշակերտների կազմակերպված մասնակցության ահազանգերից հետո հայտարարեց, թե վարչական ռեսուրսի կիրառումն իր համար անընդունելի է, սակայն իրավական գործընթաց մինչ այս պահը չի սկսվել: Հայտարարել են միայն ծառայողական քննության մասին, աշխատանքից ազատման դիմումներ են գրել 4 դպրոցների տնօրենները.
«Մենք հիմա ծառայողական քննություն կիրականացնենք և այնտեղ, որտեղ պարզվի, որ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կազատվեն: Մենք ոչ միայն հրահանգ չենք տվել, որպեսզի այդպիսի բան լինի, այլև խստորեն հրահանգել ենք բացառել նման երևույթները»,- նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրության վերաբերյալ. Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրաժարվեց մեկնաբանություն տալ: