Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանը ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցի ժամանակ ուղերձ է հղել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ խնդրելով դիտարկել Բաքու այցելելու հնարավորությունը:
«Վերջերս հանդիպել եմ Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացրել եմ կենցաղային, բժշկական, իրավական, մարդասիրական և դիվանագիտական մի շարք կոնկրետ հարցեր, որոնք վերաբերել են իմ և մյուս հայ բանտարկյալների պահման պայմաններին։ Այդ հարցերն ուղիղ ազդում են կալանքի տակ գտնվողների անվտանգության, առողջության և արժանապատվության վրա։
Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ Ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը, և ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել», - փոխանցել է Վարդանյանը:
«ՀՀ քաղաքացիները երկար ժամանակ պահվում են ադրբեջանական բանտերում՝ առանց ընտանիքի անդամների հետ հանդիպումների և անկախ մոնիթորինգի, այդ թվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ Այս պայմաններում, ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում», - ընդգծել է Արցախի նախկին պետնախարարը՝ շարունակելով. - «Չնայած երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը` ընթանում են բանակցություններ տնտեսական հարցերի շուրջ՝ Բաքվում ՀՀ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ուստի ինչո՞ւ կալանավորների կյանքի, առողջության և իրավունքների հարցերը պաշտոնական Երևանի օրակարգում չեն, և ինչո՞ւ պատվիրակության անդամներից ոչ մեկը չի այցելել գերիներին»։
«Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ դիտարկել Ձեր, ինչպես նաև, համապատասխան պայմանների դեպքում, մյուս հայ բանտարկյալների հարազատների՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Իմ կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը և այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները ևս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ և հետևողական՝ ունենալով ՀՀ վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջև», - նշել է Վարդանյանը՝ համոզմունք հայտնելով, որ Ադրբեջանի օմբուդսմենի առաջ իր բարձրացրած հարցերը պահանջում են համակարգում երկու երկրների օմբուդսմենների միջև. - «Նման համակարգման բացակայությունը փաստացի փակում է մարդասիրական միակ խողովակը»։
Վարդանյանը Մանասյանին հարցնում է՝ արդյո՞ք քննարկվում է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ, ինչպե՞ս է նրա հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ՝ ՀՀ քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ, ձերբակալության պահից սկսած նրա ղեկավարած հաստատությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։
«Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է անհապաղ գործարկել մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները։
Ադրբեջանում անօրինական կերպով կալանավորված ՀՀ քաղաքացիների շահերի անտեսումը ՀՀ կառավարության կողմից անհամատեղելի է սեփական քաղաքացիների նկատմամբ պետության պարտավորությունների հետ», - ամփոփում է Ռուբեն Վարդանյանը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Արցախի նախկին պետնախարարի ուղերձին դեռ չի արձագանքել:
Ռուբեն Վարդանյանից բացի Բաքվի բանտերում են ևս 19 հայեր, այդ թվում` Ղարաբաղի նախկին ղեկավարները: