Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը որոշել է Բաքվի դատավճիռը չբողոքարկել, փոխանցում է նրա ընտանիքը:
Նրանք շեշտել են, որ այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և հրաժարում պաշտպանությունից, այլ՝ արդարադատության հետ կապ չունեցող գործընթացը չի լեգիտիմացվում:
Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարի ազատազրկման, որից 10-ը՝ խիստ ռեժիմի բանտում: Երբևէ որևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը նրան «կեղծ մեղադրանքներով դատապարտելը արդարադատության ծաղր է որակել»:
«Ռուբենը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում», - ասված է ընտանիքի այսօր տարածած հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ դատավճռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում չի հրապարակվել, և մինչ հիմա նախկին պետնախարարի ընտանիքին տրամադրված չէ դատավճռի պաշտոնական, գրավոր տեքստը՝ պատշաճ թարգմանությամբ:
Ադրբեջանում այս որոշումը որակել էին «ոչ միայն արդարադատության իրացում, այլև Ադրբեջանի ժողովրդին անասելի տառապանքներ պատճառած 30 ամյա հակամարտության խորհրդանշական և տրամաբանական ավարտ»:
Վարդանյանի ընտանիքն ընդգծել է, որ կշարունակենք պայքարել արդարության համար միջազգային իրավական մեխանիզմների և միջազգային այլ ատյանների միջոցով։
Ռուբեն Վարդանյանը վերջին նիստում փաստաբանին արգելել էր ներկայացնել պաշտպանական փաստարկներ՝ տեղի ունեցողը որակելով ոչ թե դատ, այլ ֆարս: Շուրջ մեկ տարի տևած դատավարությանը այդպես էլ որևէ անկախ փաստաբան, իրավապաշտպան ու լրատվամիջոց չմասնակցեց: