Մատչելիության հղումներ

«ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը ՀՀ-ի համար աղետ կլինի». Քոչարյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական RBC-ի հետ զրուցում հայտարարել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի համար պարզապես աղետ կլինի:

«Խաղադրույքները հիմա շատ ավելի բարձր են, քան պարզապես խորհրդարանական ընտրությունները. խոսքը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի մասին է՝ Հայաստանը հեռանո՞ւմ է Ռուսաստանից, թե՞ պահպանում է որոշակի բալանսավորված քաղաքականությունը: Հետևանքները շատ լուրջ են, քանի որ դա կազդի Հայաստանի տնտեսության, անվտանգության վրա, այսինքն՝ փաթեթը շատ-շատ լուրջ է»:

Մինչդեռ, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերստին հայտարարեց, որ էականորեն զարգացնում և կարևորում են ՌԴ-ի հետ հարաբերությունները:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում: Այդ փուլը ես համարում եմ պոզիտիվ, որովհետև, այո, այս նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, և ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը

Վարչապետը հայտարարեց՝ քանի դեռ «Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է»:

Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել:

Վարչապետն ի պատասխան այսօր հայտարարեց. «Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի, իսկ որոշումը, բնականաբար, պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ հանրաքվեով»:

Իսկ թե երբ տեղի կունենա այդ հանրաքվեն, վարչապետն ասաց. «Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է: Ինչու, որովհետև հիմնավորում չկա, բալանսը ձևավորված չի, որ մենք ժողովրդին կարողանանք ընտրություն ներկայացնել՝ այս ճանապարհով գնալ, թե մյուս: Այսօր այդ ընտրությունը տեսական է և տեսական ընտրությունը հանաքվեի դնելն այնքան էլ խելամիտ և ճիշտ չէ և հիմնավորված չէ»:

Ավելի վաղ, ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները Հայաստանին փոխանցած հայտարարությունում ընդգծել էին՝ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:

XS
SM
MD
LG