Մատչելիության հղումներ

Փաշինյանն արձագանքել է ԵԱՏՄ 4 երկրների նախագահների հայտարարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ քանի դեռ «Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանն անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելն անտրամաբանական է»:

Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորեցին սեղմ ժամկետներում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվե անցկացնել:

Վարչապետն ի պատասխան այսօր հայտարարեց. «Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի, իսկ որոշումը, բնականաբար, պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ հանրաքվեով»:

Իսկ թե երբ տեղի կունենա այդ հանրաքվեն, վարչապետն ասաց. «Մինչև այն պահը, երբ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է: Ինչու, որովհետև հիմնավորում չկա, բալանսը ձևավորված չի, որ մենք ժողովրդին կարողանանք ընտրություն ներկայացնել՝ այս ճանապարհով գնալ, թե մյուս: Այսօր այդ ընտրությունը տեսական է և տեսական ընտրությունը հանաքվեի դնելն այնքան էլ խելամիտ և ճիշտ չէ և հիմնավորված չէ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այսպիսով՝ կշարունակեն աշխատել Եվրասիական տնտեսական միությունում.

«Հետևաբար, մենք կշարունակենք հանգիստ, հանդարտ, առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում, և ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որն առաջիկայում կօգտագործենք»,- հայտարարեց վարչապետը:

Մինչդեռ, ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները 5-րդ անդամին՝ Հայաստանին փոխանցած հայտարարությունում ընդգծել են՝ այս դեկտեմբերին՝ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում, Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի, Եվրասիական միջկառավարական հանձնաժողովը կզեկուցի Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին:






XS
SM
MD
LG