Մատչելիության հղումներ

ՌԴ անվտանգության ծառայությունը պնդում է՝ ռուս գեներալի դեմ մահափորձը պատվիրել է Ուկրաինան

Արտապատկերումը ՌԴ իրավապահների հրապարակած տեսանյութից
Արտապատկերումը ՌԴ իրավապահների հրապարակած տեսանյութից

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) երկուշաբթի հայտարարել է, որ գեներալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձը կատարվել Է Ուկրաինայի անվտանգության ծառայության պատվերով:

ԱԴԾ-ն պնդել է, որ կրակողին հավաքագրելու գործընթացում ներգրավված է եղել լեհական հետախուզությունը, սակայն ապացույցներ չի տրամադրել:

Ուկրաինական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացին Դուբայից արտահանձնվել է Մոսկվա՝ Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Ալեքսեևին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով, նախօրեին հայտնել էին ռուս ուժայինները:

Մոսկվան ավելի վաղ Կիևին էր մեղադրել Ռուսաստանի ռազմական հետախուզության բարձրաստիճան գեներալի դեմ իրականացված մահափորձի համար:

ՌԴ քննչական կոմիտեն փետրվարի 6-ին հայտնել էր, որ Մոսկվայում անհայտ անձը մահափորձ է կատարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտի դեմ՝ թիկունքից մի քանի կրակոց արձակելով նրա ուղղությամբ: Ըստ իրավապահների՝ դեպքը տեղի է ունեցել Ալեքսեևի բնակարանի մոտ: Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքով:


XS
SM
MD
LG