Մոսկվայում անհայտ անձը մահափորձ է կատարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ, Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ՝ թիկունքից մի քանի կրակոց արձակելով նրա ուղղությամբ, հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն:
Հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել, հարուցվել է քրեական գործ։
Ըստ իրավապահների՝ դեպքը տեղի է ունեցել Ալեքսեևի բնակարանի մոտ․ նրա առողջական վիճակի մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի հաղորդվել, հայտնի է միայն, որ գեներալը տեղափոխվել է հիվանդանոց։
2023-ի ամռանը Ալեքսեևը մասնակցել էր «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոիժինի հետ բանակցություններին, երբ նա, դեմ գնալով վարչակազմին, տանկերը քշել էր դեպի Մոսկվա։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալեքսեևը Ուկրաինայում պատերազմող «ռուս կամավորական խմբերի» գլխավոր համակարգողներից էր։ 2017-ին նրան շնորհվել էր Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։
Մոսկվան Ուկրաինային է մեղադրել Ռուսաստանի ռազմական հետախուզության բարձրաստիճան գեներալի դեմ իրականացված մահափորձի համար․ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պնդել է, թե այդ քայլով Կիևը փորձում է խափանել պատերազմը դադարեցնելու ջանքերը։ Կիևից որևէ մեկնաբանություն առայժմ չի հնչել։
Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանի գաղտնի ծառայությունները հետաքննում են միջադեպը և տեղեկություններ փոխանցում նախագահ Վլադիմիր Պուտինին։
2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից պատերազմի սանձազերծումից ի վեր Ուկրաինան քանիցս պատասխանատվություն է ստանձնել ռուս բարձրաստիճան զինվորականների սպանության համար։