ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել է, որ Մոսկվայում Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի վրա կրակելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է Դուբայում և արտահանձնվել Ռուսաստան: ԱԴԾ-ն հայտնել է, որ Դուբայում ձերբակալված անձը Ուկրաինայում ծնված Ռուսաստանի քաղաքացի է:
ԱԴԾ-ն հայտարարել է, որ պարզել է կրակոցների մեջ ներգրավված ևս երկու Ռուսաստանի քաղաքացիների ինքնությունը. մեկը ձերբակալվել է Մոսկվայում, մյուսը, ենթադրաբար, մեկնել է Ուկրաինա։
ՌԴ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվայում անհայտ անձը մահափորձ է կատարել Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ, Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ՝ թիկունքից մի քանի կրակոց արձակելով նրա ուղղությամբ: Ըստ իրավապահների՝ դեպքը տեղի է ունեցել Ալեքսեևի բնակարանի մոտ: Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքով:
2023-ի ամռանը Ալեքսեևը մասնակցել էր «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոիժինի հետ բանակցություններին, երբ նա, դեմ գնալով վարչակազմին, տանկերը քշել էր դեպի Մոսկվա։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալեքսեևը Ուկրաինայում պատերազմող «ռուս կամավորական խմբերի» գլխավոր համակարգողներից էր։ 2017-ին նրան շնորհվել էր Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում։
Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի վրա հարձակումը վերջինն էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան գեներալների սպանությունների կամ վիրավորումների շարքում: