Մատչելիության հղումներ

Ձերբակալվել են ռուսական հետախուզության գեներալի մահափորձի կասկածյալները

Ռուսաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձի մեջ կասկածվողին և նրա ենթադրյալ հանցակցին, փետրվարի 7-ին հաղորդել են ռուսական ԶԼՄ-ները:

Կասկածյալն արդեն տեղափոխվել է հարցաքննության, իսկ փետրվարի 8-ին սպասվում է նախնական կալանքի հարցով դատական նիստ, հաղորդում է «Կոմերսանտը»: Հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության մեղադրանքով:

Հարցաքննությունից հետո կասկածյալներին մեղադրանք կառաջադրվի, հայտնում է թերթը: Ռուսաստանը պաշտոնապես չի տեղեկացրել կասկածյալի ձերբակալության մասին։ Առայժմ տեղեկություններ չկան նրա ինքնության կամ հարձակման ենթադրյալ կատարողների մասին:

Ալեքսեևի վիրահատությունը հաջող է անցել, նա գիտակցության է եկել:

Ըստ իրավապահների՝ դեպքը տեղի է ունեցել գեներալի բնակարանի մոտ:

2023-ի ամռանը Ալեքսեևը մասնակցել էր «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման առաջնորդ Եվգենի Պրիգոիժինի հետ բանակցություններին, երբ նա, դեմ գնալով վարչակազմին, տանկերը քշել էր դեպի Մոսկվա։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալեքսեևը Ուկրաինայում պատերազմող «ռուս կամավորական խմբերի» գլխավոր համակարգողներից էր։ 2017-ին նրան շնորհվել էր Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչում:

Գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի վրա հարձակումը վերջինն էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան գեներալների սպանությունների կամ վիրավորումների շարքում:


XS
SM
MD
LG