Մատչելիության հղումներ

Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների վրա. Թրամփ

Լրացված
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ

Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չկրակել Կիևի և ուկրաինական այլ քաղաքների վրա, հայտնել է ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփն ասել է, որ անձամբ է Ռուսաստանի նախագահին դիմել նման խնդրանքով՝ հաշվի առնելով, որ խստաշունչ ձմռան պատճառով ռուսական հարվածները լուրջ խնդիրներ են ստեղծում ուկրաինացիների համար:

«Ես անձամբ խնդրեցի նախագահ Պուտինին մեկ շաբաթ չկրակել Կիևի և տարբեր քաղաքների վրա։ Եվ նա համաձայնեց։ Պետք է ասեմ, որ դա շատ հաճելի էր։ Շատերն ասում էին՝ իզուր մի՛ զանգիր, չի ստացվի, բայց նա համաձայնեց, և մենք շատ ուրախ ենք դրա համար», - հայտարարել է Թրամփը:

Կրեմլի խոսնակը հաստատել է, որ Թրամփը նախագահ Պուտինին դիմել է նման խնդրանքով, բայց ընդգծել է՝ խոսքը մինչև փետրվարի 1-ը չկրակելու մասին է: Այլ մանրամասներ, սակայն, Դմիտրի Պեսկովը չի ներկայացրել:

«Նախագահ Թրամփն իսկապես անձամբ խնդրել է նախագահ Պուտինին մինչև փետրվարի 1-ը մեկ շաբաթով ձեռնպահ մնալ Կիևի վրա հարձակումից՝ բանակցությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Սա է այն ամենը, ինչ կարող եմ ասել այս թեմայի վերաբերյալ», - նշել է Պեսկովը:

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ռուսական զինուժը գիշերը չի հարվածել իրենց էներգետիկ ենթակառուցվածքներին, սակայն շարունակում են հարվածները բնակավայրերին, նաև փոխել են տակտիկան ու սկսել են թիրախավորել լոգիստիկ կենտրոնները:

Վլադիմիր Զելենսկին շեշտել է՝ երկու երկրների միջև պաշտոնական զինադադար չկա, նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե Ռուսաստանն էլ չհարվածի Ուկրաինայի էներգետիկ համակարգին, որը վերջին շրջանում հաճախ է հարձակման ենթարկվել, և արդյունքում Կիևում և այլ քաղաքներում հազարավոր մարդիկ դեռ զրկված են էլեկտրաէներգիայից և ջեռուցումից:

Զելենսկին նաև անդրադարձել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությանը, թե պատրաստ են իրեն ընդունել Մոսկվայում՝ Պուտինի հետ բանակցելու: Ուկրաինայի նախագահը բացառել է դա, փոխարենը ինքն է Ռուսաստանի նախագահին հրավիրել Կիև, թեև երեկ Կրեմլը հայտարարել էր, որ տեղին չեն Մոսկվայից բացի որևէ այլ վայրում Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին քննարկումները։

Զուգահեռ շարունակվում են պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է, որ հաջորդ հանդիպումը կկայանա մոտ մեկ շաբաթից: Սթիվ Ուիթքոֆը նշել է, որ Աբու Դաբիում կողմերը զգալի առաջընթաց են գրանցել:

«Տարածքների մասին համաձայնագիրը քննարկող կողմերը շատ դրական զարգացումներ ունեն։ Հիմնականում ավարտել ենք անվտանգության և տնտեսական զարգացման մասին համաձայնագրերը: Եվ կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը հույս ունի և ակնկալում է, որ մոտ ապագայում կկնքենք խաղաղության համաձայնագիր», - հայտարարել է Ուիթքոֆը:

Նախատեսվում էր, որ հաջորդ հանդիպումը ևս պետք է տեղի ունենա Աբու Դաբիում՝ առաջիկա կիրակի օրը, սակայն Զելենսկին այսօր ասել է, որ Իրանի շուրջ զարգացումներով պայմանավորված՝ հանդիպման վայրը և օրը կարող են փոխվել:

Հաջորդ հանդիպմանը, այդուհանդերձ, Ուիթքոֆն ու ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, չեն մասնակցի: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Կիևն ու Վաշինգտոնն են պայմանավորվել երկկողմ շփումներն իրականացնել ավելի ցածր մակարդակով:

Ու մինչ Կիևը հաստատում է, որ ռուսները չեն հարվածում իրենց էներգետիկ համակարգին, Եվրամիության արտգործնախարարը հայտարարել է, որ դաշինքը կմեծացնի Ռուսաստանի վրա ճնշումը: Կայա Կալլասի խոսքով՝ փետրվարին կընդունվի պատժամիջոցների 20-րդ փաթեթը, իսկ երեկ ԵՄ-ն Ռուսաստանին սև ցուցակում է ներառել փողերի լվացման բարձր ռիսկի պատճառով։

«Սա կդանդաղեցնի և կավելացնի ռուսական բանկերի հետ գործարքների ծախսերը ... Ռուսաստանի ռազմական ֆինանսավորումը սահմանափակող ցանկացած միջոցառում պետք է քննարկվի։ Կա նաև առաջարկ, որ արգելվի ռուս նախկին զինվորականների մուտքը Շենգեն գոտի։ Դա անվտանգային ռիսկ է», - ասել է Կալլասը:

ԵՄ տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսն էլ հայտնել է, որ դաշինքը նախատեսում է ապրիլի սկզբին Ուկրաինային փոխանցել 2026-2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրո վարկի առաջին տրանշը:

Այս ընթացքում ռուսական զինուժի հարվածներից Զապորոժիեում ենթակառուցվածքներ են տուժել: Խերսոնում ռուսական անօդաչուն հարվածել է ավտոբուսի, մեկ մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։

Ռուսական կողմը հայտարարել է, որ ևս երեք բնակավայր է վերցրել:

Ուկրաինական անօդաչուների հարվածից էլ Կուրսկում երկու մարդ է վիրավորվել:

Կողմերը երեկ զոհված զինվորների մարմիններ են փոխանակել՝ առաջին անգամ այս տարի։ Ուկրաինա է վերադարձվել 1000, իսկ Ռուսաստան՝ 38 մարմին։

Ուկրաինան հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է ռազմագերիների փոխանակումը, որը վերջին անգամ տեղի էր ունեցել անցած հոկտեմբերին: «Նրանք առանձնապես շահագրգռված չեն մարդկանց փոխանակմամբ, քանի որ չեն կարծում, որ դա իրենց ինչ-որ բան է տալիս»,- ասել է Զելենսկին:

XS
SM
MD
LG