Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցություններում քննարկվելու են Հայաստանի եվրոպական ձգտումների և Գյումրիում ռուսական ռազմակայանի հարցերը, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:
«Գլխավորը, իհարկե, օրակարգում լինելու է հարցը՝ այն ընտրությունը, որ անում է հայկական կողմը: Կարվի արդյոք այն, երբ կարվի, ինչպես», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Դմիտրի Պեսկովը:
Եվրամիությանը և Եվրասիական միությանը անդամակցության միջև Երևանի կողմնորոշվելու թեմային անդրադառնալով՝ Կրեմլի խոսնակը նշել է, թե «տնտեսական առումով երկու աթոռի վրա նստելու ցանկությունը կա՛մ պետք է հաստատվի, կա՛մ մերժվի ինչ-որ ընտրության ճանապարհով, քանի որ կողմնորոշումը դեպի Եվրոպական միություն և միաժամանակ Եվրասիական տնտեսական շրջանակում ինտեգրացիոն գործընթացը շարունակելու ցանկությունը չեն համապատասխանում իրար»:
«Բացի այդ՝ կան նաև անվտանգության հարցերը, անկասկած, շոշափվելու է նաև մեր ռազմակայանի հարցը», - ասել է Պեսկովը:
Մոսկվան Երևանից պահանջում է հանրաքվե անցկացնել ու արագ ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև: Հայաստանի իշխանությունները հակադարձում են, որ հանրաքվեի պահը չի հասունացել, այս պահին էլ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունեն:
Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի վերաբերյալ Վլադիմիր Պուտինը խոսեց սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ հայտարարելով. - «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»:
Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ռազմաբազայի հարցը Պուտինի հետ չի քննարկվել, բայց եթե «Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի»: «Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել», - հավելեց վարչապետը՝ միաժամանակ շեշտելով, թե Հայաստանի համար Գյումրիի ռազմաբազան կենսական նշանակություն չունի:
Այդուհանդերձ, Պեսկովն այսօր պնդել է, թե Գյումրիում ռուսական ռազմակայանը «տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման շատ կարևոր տարր է, և այստեղ, անշուշտ, հետաքրքիր կլինի լսել հայկական կողմի տեսակետը»:
Ընդհանուր առմամբ, ասել է Կրեմլի խոսնակը, բանակցությունների օրակարգը շատ հագեցած է լինելու:
Պեսկովի խոսքով՝ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները բավականին լայն են՝ չնայած առկա բոլոր բարդություններին, իր հերթին, փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
Անցած շաբաթ վարչապետ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ դեկտեմբերի 3-ին նախատեսում է աշխատանքային այցով մեկնել Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Երկու օր առաջ Պուտինի խոսնակն ասել է, որ Կրեմլում պատրաստվում են Փաշինյանի Ռուսաստան այցին:
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերին երեք անգամ այցելելու է Ռուսաստան՝ բանակցություններ վարելու։
Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններում «լարումները ոչ թե աճում են, այլ հակառակը՝ նվազում են, որովհետև մեր վերաբերմունքը իրավիճակին բոլոր դեպքերում բարեկամական է, մենք ՌԴ-ի հետ վիճելու մտադրություն չունենք»: