Հայաստանը Եվրասիական դատարանից կարծիք կխնդրի հայկական ապրանքների սահմանափակումների վերաբերյալ. Պապոյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցով նիստը տեղափոխվել է դեկտեմբերի 1, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Պաշտոնական Երևանը դեռ սեպտեմբերին դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման սահմանափակումները որպես «առևտրային խոչընդոտ» (բարիեր) ճանաչելու նպատակով: Սակայն նիստը, որում ակնկալվում է Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշման կայացումը, արդեն երկու անգամ հետաձգվել է:

Պապոյանը հայտնեց, որ հայկական կողմը նոր ռազմավարություն է որդեգրել. Երևանը մտադիր է դիմել Եվրասիական դատարան՝ հարցի շուրջ կարծիք ստանալու նպատակով։

«Այնտեղ կա երկու մեխանիզմ, երբ դիմում ես դատարան որպես բողոք և որպես կարծիք, որը կսպասարկի այդ պրոցեսին», - ասաց նա:

«Ազատության» հարցին՝ այդ կարծիքը ներկայացնելու են ԵԱՏՄ կոլեգիայի նիստի՞ն, Պապոյանը պատասխանեց.- «Անպայման, այն կուժեղացնի մեր որոշումը»:

Նախարարը հստակ ժամկետ չնշեց, թե երբ կդիմեն ԵԱՏՄ դատարան, միայն ասաց՝ այս պահին փաստաթղթերն են կազմում:

Հարցին՝ իսկ արդյոք կոլեգիայի նիստի հետաձգման ցանկությունը հայկական կողմի՞նն է եղել, Պապոյանն արձագանքեց. - «Որպեսզի նիստին որոշումը անցնի մեզ պետք է 10-ից 7 ձայն, մենք ունենք 10-ից 6 ձայն, հիմա նիստը անենք, 6 կողմ, 4 դեմ, չի անցնելու: Լրացուցիչ գործիք ենք փորձում բերել, որը կլինի դատարանի կարծիքը: Դա կուժեղացնի մեր կարծիքը»:

Նա, սակայն, չհստակեցրեց, թե որ երկրներն են դեմ:

«Եթե ասում եմ՝ չենք դնում քվեարկության, դա նշանակում է, որ այս պահին Հայաստանի շահը դա է պահանջում», - ընդգծեց նախարարը:

Մոսկվան տարեսկզբից արգելել է հայկական գյուղմթերքի, ձկնամթերիք, ծաղիկների, մի շարք ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ տարածքով՝ միաժամանակ Երևանից պահանջելով հանրաքվե անցկացնել՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև:

Երևանն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կվերացնի Ռուսաստանի սահմանափակումները՝ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այս ամսվա սկզբին ասել էր՝ եթե հանձնաժողովը Հայաստանի դեմ որոշում ընդունի, վտանգավոր նախադեպ կստեղծի ԵԱՏՄ բոլոր անդամների համար:

Դեկտեմբերի 11-12-ին նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ վարչապետերի ձևաչափով հանդիպումը, իսկ տարեվերջին Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերով առաջնորդների ամենամյա հանդիպումները:

Ակնկալվում է, որ ԵԱՏՄ գագաթնաժողովին կքննարկվի նաև Հայաստանի անդամակցության հարցը: Այս մտադրության մասին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները հայտարարել էին դեռ գարնանը: Մինչդեռ Երևանը պնդում է, որ անդամ երկրին հեռացնելու մեխանիզմ ԵԱՏՄ-ն չունի:

​
XS
SM
MD
LG