Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կայցելի Ռուսաստան

Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում Նիկոլ Փաշինյանը պատասխանում է փորձագետների հարցերին
Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում Նիկոլ Փաշինյանը պատասխանում է փորձագետների հարցերին

20 տարի անց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում. Փաշինյան

Դուբլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերին երեք անգամ այցելելու է Ռուսաստան՝ բանակցություններ վարելու նպատակով։ Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի պահպանել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարեկամական մթնոլորտը։

«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում», – ասել է Փաշինյանը։

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում լարվածությունը խորացել է Երևանի եվրոպական ձգտումների և ՀԱՊԿ-ի շուրջ տարաձայնությունների ֆոնին:

Երևանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին՝ պատճառաբանելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգային պարտավորությունները։ Նոյեմբերի 11-ին էլ ՀԱՊԿ-ը որոշել է Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից:

20 տարի անց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում. Փաշինյան

Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հարցերին պատասխանելիս Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի եվրոպական հեռանկարին։

Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության անդամ։ Հայաստանի հիմնական քաղաքական նպատակը, ըստ վարչապետի, եղել և մնում է ՀՀ քաղաքացիների համար այլընտրանք ստեղծելը։

«Երկար ժամանակ ընկալումն այն էր, որ Հայաստանն այլընտրանք չունի։ Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի՝ բացառությամբ ԵԱՏՄ-ի։ Եվ այդ հայտարարությունը առաջ բերեց որոշակի քաղաքական գործընթացներ», – ասել է Փաշինյանը։

Հարցին, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց, վարչապետը պատասխանել է.

«Հայաստանը ես տեսնում եմ Եվրոպական միության կազմում»։

Հայաստանի եվրոպական ձգտումները վերջին ամիսներին դարձել են Մոսկվայի և Երևանի միջև տարաձայնությունների պատճառ։

Ռուսաստանը և ԵԱՏՄ մյուս երեք անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի ղեկավարները մայիսի 29-ին համատեղ հայտարարությամբ կոչ էին արել Հայաստանին հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։

Փաշինյանը, սակայն, հայտարարել է, որ այս պահին նման հանրաքվեի համար հիմքեր չկան։ Նրա խոսքով՝ այն կարող է անցկացվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար։ Վարչապետը նման ընտրությունն այս փուլում տեսական է համարել։

Վարչապետ Փաշինյանը Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հարցերին պատասխանելիս, անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և այլ թեմաների:

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել էր Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին։

​
XS
SM
MD
LG