Մատչելիության հղումներ

Փաշինյանը պնդում է՝ կաթողիկոսը խմբեր է ուղարկել տարբեր բնակավայրեր հեղափոխություն սկսելու համար, Մայր Աթոռը հերքում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ տեղեկություններ ունի, որ կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել՝ նոր հեղափոխություն սկսելու համար: «Երեկ իմացել եմ՝ Կտրիճ Ներսիսյանն է պատվիրակություններ ուղարկել տարբեր բնակավայրեր՝ նոր հեղափոխություն մեկնարկելու բանով», - ասաց վարչապետը:

Ովքե՞ր են եղել, ո՞ր գյուղեր են գնացել, քահանանե՞ր են, թե՞ աշխարհիկներ, ո՞ւմ են հանդիպել ու ի՞նչ են ասել, որ վարչապետ Փաշինյանը կարծում է՝ հեղափոխություն են սկսելու իր իշխանության դեմ:

Երկրի ղեկավարն այսօր առանց հստակ փաստերի, անունների ու կոնկրետ մանրամասների լրագրողներին փոխանցեց իր ստացած տեղեկությունը. «Կաթողիկոսի հետ կապված մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր բնակավայրեր խմբեր են ուղարկվել շոշափելու համար՝ հոգևոր, քաղաքական, չգիտեմ ինչ շորերով են գնացել, որպեսզի զոնդաժ անեն, էսպես ասած, հասարակական-քաղաքական շարժում սկսելու հնարավորութունը 2024-ի պրոցեսների նմանությամբ: Բագրատի հեղափոխությունից պրծանք, հիմա էլ սկսելու է Կտրիճի հեղափոխությունը: Գալու է ասի՝ 15 րոպե եմ տալիս, նզովյալ լինես, եթե հրաժարական չտաս»:

Վարչապետի նկարագրությամբ՝ մտադիր են Տավուշի նախկին թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման պես մի բան նախաձեռնել, որ Տավուշից սկսվեց 2024-ի գարնանը հայ-ադրբեջանական սահմանազատման փուլում: Երևանում շարունակվեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը ու ու երկու ամսից մարեց. ուժային կառույցները հունիսին ցրեցին լուսաձայնային նռնակներով:

Փաշինյանը իրեն հասած տեղեկությունների մասին պատմեց անկլավների հարցին պատասխանելիս: Հնարավո՞ր է Տիգրանաշեն են այցելել իր նշած մարդիկ, հատկապես, որ վերջին օրերին ակտիվացել է այս թեման: Նա ոչ մի հստակ բան չասաց: Տիգրանաշենը Պարույր Սևակ բնակավայրի մի մասն է: Բնակավայրի ղեկավարը լսե՞լ է, որ բողոքի ալիք հրահրող խմբեր են այցելում իրենց գյուղեր: Լյուդվիգ Ստեփանյանն էլ հստակ տեղեկություն չուներ:

«Եթե այդ բանն ասում է, դա իրականության մեջ կա, որ մարդիկ են եկել, բայց ինչի՞ համար են եկել, ո՞նց են եկել, էդ ինֆորմացիան իրանց մոտ է, ես չեմ կարա ասեմ», - նշեց Ստեփանյանը:

Մայր Աթոռը հերքում է

Հերթական զրպարտությունն է, Փաշինյանի ճեպազրույցից ժամեր անց արձագանքեցին Մայր Աթոռից: Վեհափառը որևէ պատվիրակություն որևէ համայնք չի ուղարկել:

«Հավանաբար վարչապետը նկատի ունի այն, որ օրեր առաջ Մասյացոտնի թեմի նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը հովվական խնամքի նպատակով այցելել է իր առաջնորդության ներքո գտնվող Տիգրանաշեն համայնք՝ եկեղեցու սպասավորի ընտանիքին», - նշում են Մայր Աթոռից։

Հոգևորականները ազատ են առաջնորդական գործունեության և հոգևոր ծառայության իրականացման գործում և պետք չէ քաղաքական ենթատեքստեր փնտրել, եկեղեցուն ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Եկեղեցուն քաղաքական գործընթացների մեջ ներքաշող պատմությունները հորինվածք ու արհեստական օրակարգ են որակում Էջմիածնից, և դրա հետ կապված Գերագույն հոգևոր խորհուրդը երեկ մտահոգություն է հայտնել:

Կաթողիկոսն ու վեց եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանա

Մայր Աթոռից, ի դեպ, առավոտյան հայտնեցին, որ Կաթողիկոսն ու վեց եպիսկոպոսները վաղվա դատական նիստին չեն ներկայանա: Օրենքով այդպիսի իրավունք ունեն ու նիստին կլինեն միայն հոգևորականների պաշտպանները: Բարձրաստիճան հոգևրականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու համար:

Այս գործը վերաբերում է Մայր Աթոռի դեմ վարչապետի արշավին միացած 10 եպիսկոպոսներից Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին: Կաթողիկոսը նրան պաշտոնանկ էր արել, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG