Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը։
Փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ վատառողջ լինելու պատճառով Մանվել Գրիգորյանն այսօրվա նիստին ներկա չէ։
«Ազատության» հարցին, թե ծանոթացե՞լ են դատախազության բողոքին, և կա՞ն փաստարկներ, որոնց համաձայն Մանվել Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ, պաշտպանը պատասխանեց. - «Մեկնաբանման խնդիր է։ Փաստեր, իհարկե, չկան, բայց կա դատախազության կարծիք, որը որ ժամանակին համընկել էր որոշ քաղաքացիների կարծիքների հետ։ Մենք ունենք հակառակ կարծիք և կներկայացնենք մեր առարկությունները»։
2018-ի դեկտեմբերի 21-ի ուշ երեկոյան Գրիգորյանը ազատ արձակվեց «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում էր վերջին 7 ամիսներին։ Նրա խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով։
Մանվել Գրիգորյանին ազատ արձակման որոշման հիմքում դատարանը դրել էր 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համոզմամբ, սակայն, Գրիգորյանը պետք է մնա կալանքի տակ։ Գլխավոր դատախազությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ վերաքննիչ ատյան բողոք էր ներկայացրել։
Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։