Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման:

Դատական նախորդ նիստում դատախազ Ժաննա Կոտիկյանը միջնորդել էր Բաբաջանյանին դատապարտել 4,5 տարվա ազատազրկման:

Իր վերջին խոսքում Բաբաջանյանը ասաց, որ փորձել է զինվորական ծառայության տարկետումը երկարաձգել Միացյալ Նահանգների համալսարաններում տարբեր տարիների ուսումնառությունը փաստող տեղեկանքներով, առողջական վիճակի մասին փաստաթղթերով, որոնք, նրա խոսքերով, զինկոմիսարիատը հաշվի չի առել:

Նա ասաց, որ 9 տարի առաջ Հայաստանը լքելու ավելի լուրջ պատճառներ է ունեցել, քան բանակից խուսափելը. - «Ամենայն հավանականությամբ, հայրենիքում վերստին ապրելու իմ իրավունքը ետ նվաճելու համար պետք է մնալ անազատության մեջ: Եթե այդպես է` վճարում եմ այդ գինը եւ հոժարությամբ կընդունեմ դատարանի կողմից սահմանված ցանկացած ազատազրկող ժամկետ»:

Դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երկու ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո, հրապարակեց դատավճիռը` Բաբաջանյանին դատապարտելով 4 տարվա ազատազրկման:

Դատարանը Բաբաջանյանին մեղավոր ճանաչեց միայն զինվորական ծառայությունից խուսափելու համար, իսկ փաստաթղթեր հափշտակելու մասով առաջադրված մեղադրանքը համարեց չհիմնավորված:

Դատավճիռը կարող է բողոքարկվել 15 օրվա ընթացքում Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG