Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր են քննարկվել երկրում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Մասնավորապես, Կառավարության լրատվականի փոխանցմամբ, անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին և գործընթացի առաջմղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը միտված քայլերին:
Օրեր առաջ Փաշինյանը հայտարարել էր, որ 2029 թվականին Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնելն ավելի իրատեսական է դառնում:
Սեպտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը: Այս միջոցառումներն ազատականացնելու են Հայաստանից Եվրամիություն արտահանումների շուրջ 80 տոկոսը: Միաժամանակ այդ կարգավորումներն ուղեկցվում են որոշակի պայմաններով և միջոցառումներով՝ ուղղված Եվրամիության շուկայի պաշտպանությանը, եթե ներմուծումը բացասաբար ազդի ԵՄ արտադրողների վրա:
Առևտրի ինքնավար միջացառումներ (Autonomous Trade Measures - ATM) սահմանելով Բրյուսելը նպատակ ունի աջակցել Հայաստանի տնտեսությանը ռուսական առևտրային սահմանափակումներից հետո:
Վարչապետն այսօրվա հանդիպման ժամանակ ընդգծել է ԵՄ աջակցությունը երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին, ասված է հաղորդագրությունում:
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորություններին, տարածաշրջանային փոխգործակցության խթանմանը, TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկին և հետագա աշխատանքներին:
Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվեց, ինչպես նաև TRIPP նախագծի գործնական փուլը մեկնարկեց այսօր: