Սա հրաժարում է Անկախության հռչակագրի, այսինքն կոնֆլիկտի տրամաբանությունից. Փաշինյան

Լրացված

«Նոր Սահմանադրության նախագծի 8-րդ հոդվածն արձանագրում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ապահովումն է, և սա, այո՛, հրաժարում է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից», - այսօր նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առթիվ ժողովրդին հղած ուղերձում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար։ Մենք սա անում ենք մեր պետության հարատևության տեսլականին կյանք տալու և Հայաստանի Հանրապետությունն այնպես դիրքավորելու համար, որ հաղթահարի ֆորպոստի տրամաբանությունը։ Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է, մի երկիր, որը նաև ունի այնպիսի բանակ, որ ինքնուրույն կարող է պաշտպանել պետության սահմանների և միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը։», - պնդեց վարչապետը:

Նա այսօր ևս մեղադրեց նախկիններին «կոնֆլիկտի տրամաբանությամբ» գնալու և «երկիրը թալանելու» մեջ՝ նրանց շարքում հիշատակելով նոր Սահմանադրության նախագիծը մերժող խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների կալանավորված առաջնորդիներին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և գործարար Սամվել Կարապետյանին:

«Հենց կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մարդուն ու նրա երազանքները մի կողմ է դրել ու գնացել հակամարտության ճանապարհով, հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկիրը հյուծած արտագաղթի պատճառ է դարձել, հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկրում ստեղծել է գեներալմանվելներ, դոդիգագոներ, կալուգացիսամոներ, ռոբերտքոչարյաններ, սերժսարգսյաններ և միշիկներ, որոնց գործն ու առաքելությունը եղել է մեկը՝ Մեծ Հայաստանի մասին ճոռոմաբանությունների ներքո թալանել, թալանել, թալանել», - հայտարարեց Փաշինյանը:

Նոր Սահմանադրության նախագծի նախաբանում բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին, որում Ադրբեջանը տարածքային պահանջ է տեսնում և հրաժարվում ստորագրել խաղաղության պայմանագիրը: Ընդդիմությունը համարում է, որ Փաշինյանի իշխանությունը Սահմանադրությունը փոխում է Բաքվի պահանջով ու մերժում տրամադրել այն հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ 6 ձայնը:

Փաշինյանը և «թալանչի» է անվանում, և 6 ձայն ակնկալում ընդդիմադիրներից

Վարչապետ Փաշինյանն այսօր նորից կրկնեց ընդդիմադիրներին իր առաջարկը՝ նոր Սահմանադրության նախագիծը դնել հանրաքվեի, ու եթե այն հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտա, իսկ եթե ժողովուրդն «այո» ասի նոր Սահմանադրությանը, հաջորդ ընտրություններում՝ լինի հերթական, թե արտահերթ, ինքը որպես վարչապետի թեկնածու չի առաջադրվի:

«Իսկ մինչև հաջորդ ընտրությունն ընկած ժամանակահատվածում՝ որպես վարչապետ, կզբաղվեմ խաղաղության ինստիտուցիոնալացմամբ և վերջնականացմամբ, ինչը համոզված եմ, տեղի կունենա», - շարունակեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն այսօր ևս նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը հիմնավորեց նախկինում բազմիցս արած պնդումով, թե սահմանադրական նախկին հանրաքվեները կեղծվել են: Ասաց, որ նոր Սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք և լիազորություն ստացել են ժողովրդից՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, և նոր Սահմանադրության ընդունումը իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր կետերից է:

«Սա քո Սահմանադրությունն է, որն ասում է՝ «Հայաստանի Հանրապետության հիմնադիրը ՀՀ ժողովուրդն է, ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդն է իշխանության տերը, կրողն ու աղբյուրը: Ժողովուրդը ՀՀ քաղաքացիների հավաքական ամբողջությունն է»: Այս նախագիծը նրա համար է, որ իրավակարգը, Սահմանադրությունը, պետությունը դառնան քոնը, որովհետև Սահմանադրության այս նախագիծն ասում է՝ «ժողովուրդը ՀՀ հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու ու զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով, այս նպատակի իրականացումը պետական շահ է», - ներկայացրեց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետն ընդգծեց՝ սա պետության նոր մոդելն է և հենց այս մոդելն է անվանվում Չորրորդ հանրապետություն:

«Ինչո՞վ է տարբերվում Չորրորդ հանրապետությունը Երրորդ հանրապետությունից, հակամարտության բացակայությամբ: Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների ազատությունը, անվտանգությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու ու զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքները պաշտպանելու, այլ հակամարտության համար: Դա ակնհայտ է ոչ միայն 1990-ականների Հայաստանի առաջնորդների հայտարարություններից, այլ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի տեքստից: Կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մարդուն ու նրա երազանքները մի կողմ է դրել ու գնացել հակամարտության ճանապարհով», - ընդգծեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև:

Հայաստանի վարչապետը նաև հայտարարեց՝ այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ. - «Ես չգիտեմ, թե վաղը որ դատարանն ինչ որոշումով որ թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակի: Այս Սահմանադրության նպատակներից մեկն արդարադատությունը օլիգարխիայի ճիրաններից ազատելն ու այն ժողովրդին վերադարձնելն է»:

Ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր վերահաստատել են՝ նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվելի դնելու համար անհրաժեշտ 6 ձայնը չեն ապահովելու:

​
XS
SM
MD
LG