Հրապարակվել է Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը։ Դրա համար հատուկ ստեղծված կայքը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։
Նոր Սահմանադրության նախաբանում բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։
«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։
Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին», - գրված է նոր Սահմանադրության նախագծի նախաբանում:
Որ նոր Սահմանադրության նախաբանում չի լինի հղումն 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրին, արդեն հայտնի էր: Սա դարձել է իշխանության և ընդդիմության միջև ներքաղաքական լարվածության պատճառ:
Նոր Սահմանադրության նախագծով փոփոխվում է նաև Սահմանադրության կամ դրա փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշման ընդունման համար անհրաժեշտ ձայների շեմը։ «Ազգային ժողովը Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով», - նշված է նախագծում:
Գործող Սահմանադրությամբ այդ որոշման ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդը:
Նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովում դրա օգտին քվեարկի առնվազն 70 պատգամավոր։ Վերջին խորհրդարանական ընտրություններում սահմանադրական մեծամասնություն չստացած «Քաղաքացիական պայմանագիրն» առանց ընդդիմադիրների 6 ձայնի չի կարող ընդունել այդ որոշումը: Ընդդիմությունը համարում է, որ երկրի մայր օրենքը փոխվում է Բաքվի պահանջով, ուստի հայտարարում են, որ չեն աջակցի իշխանությանն նախագիծը հանրաքվեի դնելու հարցում:
Բաքուն որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պահանջում է Հայաստանի Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է տեսնում: Այդ փաստաղթում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միավորման մասին:
Նախագծում փոփոխություններ են առաջարկվում նաև Ազգային ժողովի դերին և ընդդիմության իրավունքներին վերաբերող դրույթներում, կուսակցություններին ու ԶԼՄ-ներին վերաբերող կարգավորումներում։ Անփոփոխ է մնում Հայ առաքելական եկեղեցու մասին հոդվածը:
Նոր Սահմանադրության նախագծի կայքում քաղաքացիները կարող են նաև առաջարկություններ ներկայացնել: