2029-ին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնելն ավելի իրատեսական է դառնում. Փաշինյան

«2029 թվականին Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնելն ավելի իրատեսական է դառնում»,- այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանրապես լինում է այդպես, որ երբ խնդիր ենք առաջադրում և ժամկետ սահմանում, ժամանակի հետ այդ խնդրի իրականացումը թվում է պակաս իրատեսական: Ես պետք է ասեմ, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեման այն թեմաներից է, որ ժամանակի հետ՝ 2029-ին այդ արդյունքն ունենալն, ինձ թվում է, ավելի իրատեսական է՝ մանավանդ մեր քաղաքական հարաբերությունների համատեքստում»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ այս գործընթացում էական նշանակություն ունի կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրումը։ Միաժամանակ, առաջիկայում անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել սահմանների կառավարման համակարգում և առաջ տանել թվայնացման գործընթացը։

«Բարեփոխումների վերջնական նպատակը պետք է լինի քաղաքացիների կյանքի որակի փոփոխությունը, և նրանք պետք է զգան այդ փոփոխությունն իրենց առօրյայում»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024 թվականի սեպտեմբերին։ 2025 թվականին Հայաստանը ստացել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը ներառում է 74 հենանիշ՝ չորս հիմնական ուղղություններով՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների և միգրացիայի կառավարում, հասարակական կարգ ու անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։

Նոյեմբերի 1-ից Հայաստանում գործարկվել է նոր սերնդի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Իշխանությունների գնահատմամբ՝ դրա ներդրումը կարևոր քայլ է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։

2029 թվականը որպես թիրախային ժամկետ վարչապետը ներկայացրել էր նաև ավելի վաղ։ Սակայն Եվրամիությունը հստակ ժամկետ չի երաշխավորել՝ վիզաների ազատականացման հնարավորությունը կապելով Հայաստանի կողմից անհրաժեշտ չափանիշների կատարման հետ։



​
XS
SM
MD
LG