«Ուժեղ Հայաստան»-ը սպասում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, այսօր հայտարարեց ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը: Հույս ունեն, որ Բարձր դատարանը կա՛մ նոր ընտրություններ, կա՛մ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու որոշում կկայացնի, նշեց նա:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ըստ Կարապետյանի, սպասվում է ընդդիմության լիդերների հանդիպում:
Սամվել Կարապետյանը չհամաձայնեց, թե միայն «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ողջունել համախմբման իր առաջարկը: Ասաց, թե «շատ ուժեր» են արձագանքել, թեև այդ ուժերի անունները չտվեց:
Մինչև հուլիսի վերջ նաև որոշում կկայացնեն՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ, ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:
Սամվել Կարապետյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց աջակիցների 60 տոկոսը իրենց վերջին հանդիպման ժամանակ ասել են, թե ցանկանում են, որ «Ուժեղ Հայաստան»-ը վերցնի մանդատները: Ինքը դաշինքի առաջնորդը դեռ վերջնական որոշում չունի:
Թե ինչ ժամկետում է ծրագրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, Կարապետյանը հրաժարվեց կոնկրետ նշել:
Սահմանադրական դատարանը հունիսի 26-ից քննում է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ 7 քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած «Ուժեղ Հայաստան»-ի դիմումները, որոշումը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։
Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։
Առավել մանրամասն տե՛ս այստեղ