Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։
Հանրահավաքի մեկնարկին հավաքվածներին դիմեց կուսակցության խորհրդի անդամ, գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը։ Նա տնտեսական մի շարք հարցերի անդրադարձավ, խոսեց նաև անվտանգային խնդիրների մասին։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ընտրությունը մեկն է՝ փոփոխությո՞ւն Սամվել Կարապետյանի հետ, թե՞ լճացում, աղքատություն, անարգանք իրար հանդեպ ու վախ հարևաններից՝ Փաշինյանի հետ: Ո՞րն է մեր ընտրությունը. ընտրությունը պարզ է՝ ուժեղ Հայաստան ունենալու համար մեզ պետք է այդ փոփոխությունը: Փոփոխությունը մեր պատմության այս ընթացքում կարող է բերել միայն մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյանը: Հավատացե՛ք և եղե՛ք Սամվել Կարապետյանի ընկերը Հայաստանում փոփոխություն բերելու պատմական գործում», - հայտարարեց Նարեկ Կարապետյանը:
Հանրահավաքի ընթացքում տեսաուղերձով հավաքվածներին միացավ Սամվել Կարապետյանը, ով տնային կալանքի տակ է:
«Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ես գտնվում եմ կալանքի տակ՝ եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար: Ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի վախի ներքո և պառակտված վիճակում», - հայտարարում էր գործարարը:
«Վարչակարգը մարդկանց վախեցնում է պատերազմով, նրանք նույնիսկ ժամկետ են նշում՝ սեպտեմբեր, որովհետև հենց այդ ամսից սկսվեց 44-օրյա ծանր պատերազմը, սեպտեմբերին սկսվեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հարձակումը, սեպտեմբերին սկսվեց Արցախի բռնի հայաթափումը և էթնիկ զտումը: Պատերազմներ, որտեղ Փաշինյանը պարտվեց: Մի՞թե մենք թույլ ենք տալու, որ նա Հայաստանի համար ևս մեկ պատերազմ պարտվի: Ես համոզված եմ, որ թույլ չենք տալու, իմ խոստումն է, որ մեր հաղթանակի և իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու», - վստահեցնում էր Սամվել Կարապետյանը:
Արդեն տևական ժամանակ է այդ բանավեճը շարունակվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խայթոցներով, ծաղրական հոլովակներով հայտարարում էր, թե Սամվել Կարապետյանը պետք է ուղիղ եթեր մտնի, եթե «ուժեղ տղա է»։ Սրան ի պատասխան՝ Կարապետյանի թիմից պնդում էին, որ իրավական հարցեր կան առայժմ, պետք է հասկանան ձևաչափը՝ ինչպես կարող է նա դիմել հանրությանը, և այժմ որոշվել է այս ֆորմատով ուղերձ հրապարակել:
Մեծ հաշվով՝ Սամվել Կարապետյանի կալանավորումից, ապա նաև այս քաղաքական հայտից հետո նրա ելույթը կամ խոսքը մարդիկ չէին լսել, եղել էր տեքստային ուղերձ մինչ այս, նաև ընդդիմադիր քաղաքական ուժի համագումարին արհեստական բանականության գեներացրած տեսանյութ հրապարակեցին, և հիմա առաջին անգամ նա տեսաուղերձով հանդես եկավ:
Հանրահավաքին հաջորդեց երթը Երևանի կենտրոնական փողոցներով: