Մատչելիության հղումներ

Փաշինյանը «վախենում է»՝ Կարապետյանը «միլիարդատերից բոմժ կարող է դառնալ»

Որքան մոտենում են հունիսի 7-ի ընտրությունները, այնքան Փաշինյան-Կարապետյան հեռակա բանավեճն ավելի է սրվում՝ համեմվելով վիրավորական խոսքերով ու զգուշացումներով:

«Ցիլոյով մա՛րդ, մի՛ վախեցիր Կարապետյանից: Ինքը քեզ վատ բան չի անելու, ինքը դուրս գա, մի երկու բան ունի քեզ ասելու», - վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանից չվախենալու կոչ է արել կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Վարչապետը Նարեկ Կարապետյանին կոշտ է արձագանքել՝ զգուշացնելով, որ վերջիններս զրկվելու են իրենց միլիարդներից և մենակ են մնալու:

«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ: Ախր ո՞նց չվախենամ, վախենում եմ՝ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ», - ասել է Փաշինյանը:

«Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ», - արձագանքել է Նարեկ Կարապետյանը:

Նկատենք, գործարար Սամվել Կարապետյանի կապիտալի մի զգալի մասը Հայաստանից դուրս է:

«Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն հեսա փակենք, դուք երեք հոգով եք մնալու՝ Սամվելը, Նարեկը, Կարենը, կներես 4 հոգով, որովհետև Կարենից 2 հատ կա», - ասել է Փաշինյանը:

Նախագահը ստորագրեց օրենքը

Երկուստեք հնչող զգուշացումների ֆոնին երեկ ուշ երեկոյան նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց իշխող ՔՊ-ի կողմից Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունը, որով արգելվում է միլիարդատեր գործարարի առաջնորդած դաշինքին իր անվանման մեջ օգտագործել Սամվել Կարապետյան անունը:

Դեռևս մարտի 31-ին «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ հանրությանն անհայտ երկու ուժի հետ դաշինք է կազմում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով:

«Ուժեղ Հայաստանի» մեկնաբանությունը

Օրենքի փոփոխությունից հետո արդյոք Կարապետյանների թիմը վերանայելու է իր դաշինքի անվանումը, առայժմ պարզ չէ: Այս հարցին «Ուժեղ Հայաստանը» դեռևս ուղիղ չի պատասխանում: Դաշինքի անդամներից Գոհար Մելոյանը միայն նշում է, թե օրենքով են առաջնորդվելու, իսկ թե դա ինչ է նշանակում, պարզ կլինի առաջիկայում:

«Մենք արդեն ունենք ծագած իրավահարաբերություն, մենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքն ենք, հուշագրերը կնքված են: Այս պահին զարգացումներն այդ տրամաբանության ներքո են», - «Ազատությանն» ասաց նա:

Այց Կոտայք

Կարապետյաններին առավոտյան զգուշացնելուց հետո վարչապետ Փաշինյանը կառավարության անդամների հետ ուղևորվեց դեպի Կոտայք՝ այցելելով մարզի տարբեր համայնքների վերանորոգված դպրոցներ ու մանկապարտեզներ:

Փաշինյանն ի պատասխան բնակիչների տարբեր խնդրանքներին՝ խոստանում էր՝ բոլոր խնդիրները կլուծեն, ճանապարհների, մանկապարտեզների, փողոցների, կոյուղու, բայց պայմանը մեկն է՝ առևտուր անելիս բնակիչները պետք է ՀԴՄ կտրոն պահանջեն. «Ինչքան ձեր գյուղում չսարքած բան կա, դրա պատճառը մենակ այն է, որ տասնյակ տարիներով առևտուրն արել ենք, ՀԴՄ-ն չենք ուզել»:

Աղավնաձոր համայնքում գյուղացիներից մեկն ասաց, թե իրենց միակ անհանգստությունը խաղաղությունն է, ուրիշ բան չեն ուզում:
Վարչապետն էլ կրկնեց իր հայտնի խոսքը՝ խաղաղությունն արդեն ներկա է, այն պարզապես պետք է փայփայել, քանի որ տասնամյակների թշնամանքը տասնամյակներ էլ պահանջելու է դա հաղթահարելու համար:

«Երկու տարի արդեն լրացավ, որ մենք սահմանին մի զոհ, մի վիրավոր չունենք», - ասաց նա:

Քաղսիում տարեց բնակիչը դժգոհում էր, որ Հայաստանի կառավարությունը զենքեր է առնում Ֆրանսիայից, Հնդկաստանից, բայց հայրենական արտադրությանն ու գիտությանը ուշադրություն չեն դարձնում:

Փաշինյանը չհամաձայնեց՝ հրավիրելով նրան Հանրապետության հրապարակ՝ մայիսի 28-ի զորահանդեսին՝ տեղում ծանոթանալու հայկական գիտության արդյունքներին:

«ՀՀ ռազմարդյունաբերական համալիրը նախորդ 3 տարվա ընթացքում 170 միլիարդ դրամի պատվեր է ստացել, և ամսի 28-ի զորահանդեսին կտեսնեք, թե տեղական արտադրության ինչ զենքեր կան», - ասաց վարչապետը:

Փաշինյանն այսօր եղավ նաև Կոտայքի մարզի մի քանի ջերմատներում: Վարչապետին հատկապես տպավորել էր բիբարի արտադրությունը՝ նորագույն տեխնոլոգիաներով: Համտեսեց, հավանեց: Փաշինյանին տպավորեց նաև բիբարների թփերի բարձրությունը:

Նա եղավ նաև վարդերի ջերմոցում: Վարչապետին վարդն այնքան դուր եկավ, որ զգուշացրեց՝ ոչ մեկին չի նվիրելու, այդ թվում՝ կանանց:

Վարչապետը խիստ գոհ էր իր այսօրվա և՛ տեսածից, և՛ համտեսածից, և՛ ոչ միայն վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG