ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է՝ իշխանության հետ հետընտրական կոալիցիա չի կազմի, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նույնպես, եթե անգամ դա լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը: Սամվել Կարապետյանի դեպքում՝ քննարկման թեմա տեսնում է:
«Եթե Քոչարյանը պետք է լինի վարչապետ, ոչ», - ասաց Ծառուկյանը:
«Ազատության» հարցին՝ իսկ եթե Սամվել Կարապետյանը լինի՞. ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Մենք դա կքննարկենք»:
Ինչո՞ւ չի համագործակցի Քոչարյանի հետ: Չէ՞ որ տարիներ շարունակ համարվել է Քոչարյանի մտերիմ գործարարը, իսկ Քոչարյանի շատ թիմակիցներ իրենց քաղաքական գործունեությունը ԲՀԿ-ի հետ շարունակեցին, երբ նա հեռացավ նախագահի պաշտոնից, նույնը նաև հիմա՝ «Հայաստան» դաշինքի որոշ նախկին ու նախկին անդամներ ԲՀԿ ընտրական ցուցակում են:
Մարդիկ հոգնել են, սա է Գագիկ Ծառուկյանի բացատրությունը, որը 2 տասնամյակից ավելի քաղաքական գործունեություն է ծավալում՝ լինելով մեծահարուստ գործարար: Չնայած մեկ անգամ՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, հայտարարեց քաղաքականության էջը փակելու մասին, բայց էլի որոշեց բացել:
«Ինքն իրանն արել ա, թող ինքը հանգստանա, արդեն նոր դեմքեր լինեն, նոր մոտեցումներ լինեն», - ասաց Ծառուկյանը:
Ակնհայտորեն Ծառուկյանին նկատի ունենալով՝ «Հայաստան» դաշինքն այսօր նկատեց՝ «եթե որևէ ուժ հայտարարում է, որ անգամ եթե իրենից կախված լինի փոփոխությունը, նա չի գնալու այդ համագործակցությանը, ապա ուղիղ ասում է, որ խոչընդոտելու է իշխանափոխությանը»:
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքում կարծում են՝ այս պահին բոլոր տվյալները ցույց են տալիս, որ որևէ ուժ միայնակ չի կարողանում ձևավորել իշխանություն։ Ուստի իրենք ո՞ւմ են պատրաստ միանալ. «Հայաստան» դաշինքից Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասում է՝ եթե իրենց միավորումից է կախված լինելու Փաշինյանի իշխանության հեռացումը, այո, իրենք պատրաստ են հետընտրական համագործակցության:
«Ազատության» հարցին՝ «կարծում եք, որ ավելի շատ ընդդիմադիր ձայն հավաքած ուժին պիտի՞ միանա մյուս ուժը», Սաղաթելյանը պատասխանեց. «Դրա մեջ տրամաբանություն կա, մենք ձգտում ենք առավելագույնին, ինչպես մնացած բոլոր ուժերը: Բնականաբար մենք պայքարելու ենք առավելագույն քվեի համար»:
Սամվել Կարապետյանի ուժից հավաստիացնում են՝ հետընտրական համագործակցության հարց չեն քննարկել. «Հաշվի առնելով, որ մենք 50+1-ի ռեալ հավակնորդ ենք, այլ տարբերակ չենք քննարկում: Ընտրողները կգնան ընտրատեղամաս, կկատարեն իրենց ընտրությունը, որից հետո արդեն պարզ կլինի: Եթե Աստված մի արասցե, լինի այդ սցենարը, կքննարկվի այդ ժամանակ»:
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վերընտրության ձգտող վարչապետը նախընտրական այս փուլում հիմնականում անդրադառնում է Սամվել Կարապետյան-Ռոբերտ Քոչարյան-Գագիկ Ծառուկյան եռյակին: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած այս գործիչների ուժերին նա պատերազմի կուսակցություն է անվանում:
Ընդդիմադիր մեկ այլ ուժ՝ ՀԱԿ-ը կասկածի տակ է դնում այն սոցհարցումները, որոնց համաձայն իրենք չեն լինի հաջորդ խորհրդարանում: Եթե անցնեն ու իրենց ձայնից կախված լինի ընդդիմության թեկնածուն կգա իշխանության, թե գործող վարչապետը, ո՞ւմ կտան ձայնը: Իշխանության հետ, ասաց կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը, կհամագործակցեն միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցով:Իսկ ընդդիմությա՞ն. «Կստացվի, իմ թեկնածության շուրջ կբանակցենք, չստացվի, մեկ այլ թեկնածության շուրջ կբանակցենք, բնականաբար, պետք է ,տածենք, որ ինչ-որ լուծումներ գտնենք»:
Երկու ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակները գլխավորում են մարդիկ, որոնք հաղթանակի դեպքում նրանց վարչապետի թեկնածուները չեն:
«Ուժեղ Հայաստան»-ի առաջին համարը Նարեկ Կարապետյանն է: Այս ուժը հայտարարում է՝ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է: Խորհրդարանում մեծամասնություն վերցնելու պարագայում մտադիր են փոխել սահմանադրական արգելքը, որով կառավարության անդամը, այդ թվում՝ վարչապետը, պետք է վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի: Սամվել Կարապետյանը մի քանի երկրի քաղաքացիություն ունի:
ԲՀԿ-ի ընտրական ցուցակը Գագիկ Ծառուկյանն ինքը որոշեց առաջնորդել, բայց հայտարարում է, թե՝ վարչապետ չի ուզում դառնալ, 4 այլ թեկնածու ունի՝ դեռ մտքում:
«Անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ, - ասաց Ծառուկյանը և նշեց, - անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել, ով կարա անի, ով այդ փորձն ունի, ու իմ թիմը կհամաձայնվի այդ ազգանվան հետ, նա էլ կլինի»: