Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանը մերժել է ՀԱԿ-ի հետ դաշինքը. ընդդիմադիր որոշ ուժեր հայտարարել են Կարապետյանին աջակցելու մասին

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը ձախողվել են, հետևաբար այսօր որոշում են կայացրել ընտրություններին մասնակցել առանձին:

«Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով, այդ դաշինքը չկայացավ», - ասված է հայտարարությունում:

Չնայած տապալված բանակցություններին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը հայտնում է, որ պատրաստ է համագործակցել «Ուժեղ Հայաստանի» և այլ ընդդիմադիր ուժերի հետ և՛ նախընտրական, և՛ հետընտրական փուլում՝ խորհրդարանում կոալիցիա կազմելու և «երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»: ՀԱԿ-ը նախորդ ընտրություններում ստացել էր մոտ 20 000 ձայն՝ դուրս մնալով խորհրդարանից:

Թե ինչպես են պատկերացնում հունիսի 7-ի ընտրություններում հաղթահարել անցողիկ չորս տոկոսը, պարզ չէ: ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:
Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանից էլ դեռ չեն բացատրել, թե ինչու են մերժել ՀԱԿ-ի հետ դաշինքը:

Սերժ Սարգսյանը Կարապետյանի ուժին համարում է «ընդդիմության առաջատարը»

«Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարն, այո, «Ուժեղ Հայաստանն է», - ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանին» համարելով ընդդիմության առաջատար ուժ, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ այս փուլում խուսափում է ասել՝ արդյոք հենց նրան էլ Հանրապետականը կաջակցի՞ հունիսի 7 -ի ընտրություններին. «Էդ ձայներն իմ գրպանում չեն, որ հանեմ տամ մեկին: Քարոզարշավի ընթացքում, կարծում եմ, մերոնք կկողմնորոշվեն»:

Փակագծերը Սերժ Սարգսյանը խոստանում է բացել քարոզարշավի ընթացքում, որը կմեկնարկի մոտ մեկ ամսից՝ մայիսի 8 -ին:

2018 -ի հեղափոխությունից հետո իշխանությունը կորցրած երբեմնի հզոր ուժը երկար քննարկումներից հետո ի վերջո որոշեց չմասնակցել ընտրություններին, բայց միաժամանակ խոստացավ ակտիվորեն ներգրավված լինել ընտրական գործընթացներում:

«Կարևորն այն է, որ մոր կուսակցականները, մեր համակիրները գրեթե բացառապես գնալու են ընտրությունների ու քվե են տալու ընդդիմադիր ուժերին, թե որ ուժերին, ընթացքում կտեսնենք», - նշեց նախկին նախագահը:

Սերժ Սագսյանը համոզված է՝ եթե ոչ քարոզարշավի ընթացքում, ապա գոնե «ընտրությունների արդյունքում» ընդդիմությունը միասնական կլինի և համատեղ գործողություններով «նույն կետին կխփեն»:

Պաշտոնաթող նախագահը միաժամանակ հստակեցնում է՝ ինքը երբևէ կողմնակից չի եղել, որ ընդդիմադիր ուժերը մեկ միասնական ցուցակով մասնակցեն ընտրություններին, քանի որ այդ պարագայում հաղթելու շանսերը նվազում են, քան եթե ընդդիմությունը մի քանի ճակատներով մտնի ընտրապայքարի մեջ:

Նկատենք, նախընտրական խոշոր դաշինքներով ընտրություններին մասնակցելու կարևորության մասին խոսել էր նաև 2 -րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Վստահ եմ, որ ընդդիմադիր ուժերն ավելի քիչ քվե կտանեն, քան երբ 2-3 մեծ ճակատներով մասնակցեն», - նշեց Սարգսյանը:

«Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով», - ասել է Քոչարյանը:

Ի դեպ, չնայած Սարգսյանի և Քոչարյանի թիմերի միջև սուր տարաձայնություններին և «ով է բերել Նիկոլ Փաշինյանին» փոխադարձ մեղադրանքներին, շաբաթ օրը ՀՀԿ համագումարից հետո Սերժ Սարգսյանը վստահեցրեց՝ շատ կուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը հաջողություններ գրանցի: Ավելին, անկեղծացավ, որ իրենց իսկ հարցումները ցույց են տվել, որ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը ավելի բարձր վարկանիշ ունի, քանի Հանրապետականը:

«Ես շատ շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հեշտությամբ հաղթահարի»:

Հունիսի 7 -ի ընտրություններին ընդառաջ այս պահի դրությամբ ընդդիմադիր դաշտում արդեն իսկ 3 խոշոր բլոկ է ձևավորվել՝ «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը և Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ -ն, որին միացել են քաղաքական տարբեր ուժեր և գործիչներ:

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը, որ առայժմ հանրությանն անհայտ 2 ուժի հետ է դաշինք կազմել, հայտարարում է, թե բանակցություները քաղաքական ուժերի հետ դեռ չեն ավարտվել, և դաշինքը դեռ կարող է ընդլայնվել:

Րաֆֆի Հովհաննիսյանի «ժառանգությունը» աջակցում է Սամվել Կարապետյանին

Սրան զուգահեռ նախորդ օրերին մի շարք ուժեր հայտարարեցին ընտրություններին չմասնակցելու և Սամվել Կարապետյանին աջակցելու մասին: Նրանց շարքում է նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնադրած «Ժառանգությունը»:

Քաղաքական ուժը շաբաթ օրը համագումարում ընդունած բանաձևում նշել է՝ «աջակից է դառնում ազգային բարերար Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորված համազգային համախմբմանը»:

Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ լայն կոնսոլիդացիա կազմելու հարցի շուրջ քննարկումներ են ունեցել Սամվել Կարապետյանի, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի և «Ապրելու Երկիր» կուսակցության հետ: Սակայն, ըստ Հովհաննիսյանի, ընդհանուր հայտարարի չեն հանգել:

Թե ինչո՞ւ է ի վերջո որոշում կայացվել աջակցել հենց Սամվել Կարապետյանին, Րաֆֆի Հովհաննիսյանը չմանրամասնեց, միայն նշեց, որ պարտություններ բերած ու կեղծավոր խաղաղությունից խոսող Փաշինյանը պետք է հեռանա:

«Այս ղեկավարն է, որ 8 տարի առաջ իբրև մեր պայքարը շարունակելու եկավ իշխանության՝ մեծ հույսերով, մեծ խոստումներով, ինքն է, որ հեղինակն է և պատասխանատուն է այսօրվա պարտությունների, և ինքն է, որ պետք է հեռանա՝ կեղծավոր խաղաղությամբ»:

Սամվել Կարապետյանին աջակցելու մասին շաբաթ օրը հայտարարեց նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ղեկավարած «Ազատություն» կուսակցությունը:




Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG