Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը:
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները Պապիկյանին մեղադրում են անցած շաբաթ Սյունիք ադրբեջանցի զինվորի ներթափանցման դեպքի օրերին Ստեփանավանում քարոզարշավով զբաղվելու մեջ: Պատգամավոր Արփի Դավոյանը, սակայն, հայտարարում է, որ նման պնդումները սուտ են:
Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում հեգնեց՝ Սուրեն Պապիկյանը հրաժարական կտա այն ժամանակ, երբ հրաժարական տա Սամվել Կարապետյանը վարչապետի պաշտոնից: Նա հավելեց՝ հրաժարականի ոչ մի հիմք չի տեսնում:
Հոկտեմբերի 1-ին, ըստ պաշտոնական Բաքվի, զորամասն ինքնակամ լքած ադրբեջանցի զինվորը կրակել էր Սյունիքի Շաքի գյուղի բնակչուհու ոտքին՝ ծանր վնասվածք պատճառելով նրան: Ընդդիմադիրները քննադատում են իշխանությանը՝ Հայաստանի խորք ադրբեջանցու ներթափանցումը չկանխելու համար:
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր Ազգային ժողովում առաջարկել է քննիչ հանձնաժողով ստեղծել՝ բանակում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպը քննելու համար։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՔՊ-ն կմերժի քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախաձեռնությունը:
Այս տարվա առաջին 9 ամիսներին բանակում խաղաղ պայմաններում ու ծառայության հետ կապված հանգամանքներում արդեն 15 զինծառայող է մահացել:
Խորհրդարանում այս հարցերի շուրջ քննարկումն այսօր չափազանց լարված է անցնում, գոռգոռոցներից բացի նաև քաշքշուկ է տեղի ունեցել: