Մատչելիության հղումներ

Երբեմնի մտերիմ ընկերներն ու քաղաքական գործընկերները ՏԻՄ ընտրություններից առաջ՝ մրցակից ճամբարներում

Ստեփանավանում երբեմնի մտերիմ ընկերներն ու քաղաքական գործընկերները ՏԻՄ ընտրություններից առաջ հայտնվել են մրցակից ճամբարներում։ Մի կողմում ՔՊ-ի կողմից «լքված» Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանն է, մյուսում՝ ՔՊ-ում առաջխաղացում գրանցող Լոռի բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը:

«Մեր հարաբերությունները նախկինում եղել ա շատ մտերիմ, ընկերական: Մենք հանդես ենք գալու որպես առանձին կուսակցություններ, ընդհանուր բաներ իրար հետ չունենք», - ասաց Ներսիսյանը:

Գրիգորյանն էլ ընդգծեց. «Ես առաջադրվում եմ «Գործարար» կուսակցությունով և սենց ավելի հարմար եմ գտնում: Իշխանությունների հետ բացարձակապես ես խնդիր չունեմ»:

Ստեփանավանն ու Լոռի բերդը միավորվել են։ Խոշորացումից հետո առաջին տեղական ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրել է ոչ թե իր նախկին շտաբի պետ ու գործող քաղաքապետ Արմեն Գրիգորյանին, այլ Լոռի բերդի ղեկավար Արայիկ Ներսիսյանին, որը 36 տարվա կարիերայի ընթացքում աշխատել է տարբեր իշխանությունների հետ․ 7 տարի՝ ՀՀՇ-ի, 21 տարի՝ ՀՀԿ-ի, իսկ 2022-ից արդեն ՔՊ անդամ է: 30 տարի Կողես գյուղի գյուղապետն էր, 6 տարի՝ Լոռի բերդի ղեկավարը:

«Ոչ թե ես իմ աշխատանքի փորձի ընթացքում փորձել եմ լինել տվյալ ժամանակահատվածի կուսակցական, որպեսզի իմ աշխատանքները հաջողի, չէ, իմ մոտ մի սկզբունք կա՝ չխաբել մարդկանց», - նշեց Ներսիսյանը:

Մինչ Ներսիսյանն իր քաղաքական երկարակեցությունը բացատրում է «չխաբելու» սկզբունքով, իշխանության ներկայացուցիչները փոխել են իրենց շփումների շրջանակը։ Եթե նախկինում պաշտպանության լոռեցի նախարար Սուրեն Պապիկյանը, նրա հայրն ու պատգամավոր Արփի Դավոյանը համայնքապետ Գրիգորյանի կողքին էին, ապա 44-օրյա պատերազմի տարելիցին ՔՊ-ականները ծաղիկներ խոնարհեցին առանց նրա։ Պապիկյանի հայրն էլ այլևս չի ցանկանում խոսել նախկինում իրենց աջակցությունը վայելած համայնքապետի մասին․ ասում է՝ մեկ ձայն ունի, այն էլ ՔՊ-ին կտա՝ առանց մեկնաբանելու՝ ինչպես էր նախկինում հրավիրվում քաղաքային իշխանությունների բոլոր միջոցառումներին։

Ստեփանավանին միավորվող Լոռի բերդում ընտրողների ընդամենը 17 տոկոսն է։ Գրիգորյանը սա վճռորոշ թիվ չի համարում, թեև ընդունում է, որ խորհրդարանական ընտրություններում, որպես ՔՊ շտաբի պետ, որոշ հարցերում թերացել է, երբ կուսակցությունը Ստեփանավանում ստացավ 42.5 տոկոս ձայն՝ զիջելով միասնական ընդդիմությանը։

ՔՊ-ի նոր ֆավորիտի՝ Ներսիսյանի կարծիքով էլ՝ ցածր ցուցանիշի պատճառը կուսակցության չափազանցված ինքնավստահությունն էր. «Ինձ թվում ա, մենակ դա էր, որ մարդիկ մինչև վերջ պտի աշխատեին, չգերագնահատեին ուժերը»:

Իշխանության ցուցակից դուրս մնացած գործող քաղաքապետ Արմեն Գրիգորյանը «Գործարար» կուսակցության ցուցակով է առաջադրվել: Բայց արդյոք այս մրցակցությունը իրակա՞ն է, թե՞ թվացյալ:

«Գործարար» կուսակցությունն, օրինակ, Գորիսում ու Գավառում իշխանության հետ նույն դաշինքով է մասնակցում ընտրություններին: Արդյոք այստե՞ղ էլ իշխանության հետ նույն ուղղությամբ չեն գնում:

«Իշխանություն, ընդդիմություն, էս պահին ինձ համար բացարձակապես… Ես էլի եմ ասում՝ իշխանության հետ էլ բացարձակապես խնդիր չունեմ, ընդդիմության հետ էլ բացարձակապես խնդիր չունեմ: Կա մի նպատակ, մեր Ստեփանավանը 5 տարի, որ սենց սարքելով եկել ենք, առաջիկա 5 տարին նույնը շարունակենք», - ասաց Գրիգորյանը:

Քաղաքը կառուցելու հարցում, մինչդեռ, թեկնածուները հակասություններ ունեն։ Նույն փողոցի ասֆալտապատման ֆոնին նկարահանվել ու մի քանի օրվա տարբերությամբ սեփական ջանքերին են վերագրել թե՛ Գրիգորյանը, թե՛ ՔՊ թեկնածուի նախընտրական քարոզչությունը ծավալող պատգամավոր Արփի Դավոյանը։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում պայքարը Ստեփանավանում թերևս լարված կլինի: Երկու թեկնածուներն էլ վստահ են, որ կհաղթեն, թեև նրանցից բացի համայնքապետի պաշտոնի համար պայքարելու են ևս երեք ուժեր՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը, ԱԱԾ նախկին տնօրեն, վարչապետ Փաշինյանի նախկին թիմակից Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը և խորհրդարան անցած ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը»։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG