Մատչելիության հղումներ

Ադրբեջանցու կրակոցից տուժած կինը նոր վիրահատությունների կարիք ունի

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած Անի Ավետիսյանին վիրահատել են, բայց նա դեռ ևս երեք վիրահատության կարիք ունի, «Ազատությանը» հայտնել է սյունեցի կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը:

Քրոջ փոխանցմամբ՝ Անիի ազդրի ոսկորը փշրված է, և բժիշկները պայքարում են 39-ամյա կնոջ ոտքը փրկելու համար:

Անին հրազենային վիրավորումը ստացել էր, երբ պաշտպանել էր իր անչափահաս երեխաներին Սյունիք ներթափանցած ադրբեջանցի զինվորից:

Առողջապահության նախարարությունը կնոջ վիճակի մասին մանրամասն տվյալներ չի ներկայացնում. - «Առողջական վիճակը կայուն է, ինքը` ամուր: Վնասվածքների հետ կապված բուժօգնությունը էտապային ընթացքի մեջ է», - ուրբաթ օրը «Ֆեյսբուքում» գրել էր նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Անի Ավետիսյանին այցելելուց հետո:

Սյունիքի մարզի Շաքի գյուղում վնասազերծված Նասիմի Մուսաևը ուրբաթ օրը կալանավորվեց սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով:

Զինվորը, ըստ պաշտոնական Բաքվի, սեպտեմբերի 26-ին ինքնակամ լքել է Լաչինի զորամասը, որտեղ ծառայում էր:

​
XS
SM
MD
LG