Ազգային անվտանգության ծառայությունը հաստատում է՝ այսօր ժամը 14:15-ին Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայող է մտել ու կրակել Հայաստանի քաղաքացու ոտքին: Նրան ձերբակալել են:
Շաքիի գյուղապետը «Ազատությանը» պատմել է, որ տուժողը տեղացի մի կին է, իսկ դեպքը տեղի է ունեցել նրա երեք երեխաների ներկայությամբ:
Ըստ ԱԱԾ-ի՝ երկու օր առաջ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ», - հայտնում է ԱԱԾ-ն:
Թե ինչո՞ւ չի հաջողվել նախորդող օրերին կանխել զինված ադրբեջանցու մուտքը Հայաստան կամ ավելի շուտ հայտնաբերել նրան, քան նա կհասներ գյուղական բնակավայր, պաշտոնական հաղորդագրությունը չի հստակեցնում: Արդյոք տեղի բնակչությունը զգուշացվե՞լ է ադրբեջանցի զինծառայողի փախուստի և Հայաստանի սահմանը հատելու մասին, ևս պարզ չէ:
Այսօր արդեն, ըստ ԱԱԾ-ի, ոստիկանությունը ահազանգ է ստացել կրակոցի մասին:
«Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ», - հայտնում է ԱԱԾ-ն՝ չհստակեցնելով, թե ինչ հոդվածով է հարուցված վարույթը:
Քննչական կոմիտեից էլ չմեկնաբանեցին, թե որ հոդվածով է քրեական վարույթ հարուցել և արդյոք ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը տեղափոխվել է Երևան:
Շաքիի գյուղապետի խոսքով՝ տուժած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. - «Մենք որ մտանք դեպքի վայր, արյան հետքեր տեսանք...:
Ըստ Ռուբեն Մանուչարյանի՝ իր տեսած տղամարդը զինվորական հագուստով չի եղել, այլ «սև շալվարով, բոթասներով». - «Մտել էր էդ կնոջ տուն, էդ կնոջ տնից դուրս էր եկել, փախել էր, ինքն էլ էր վիրավոր, արյան հետքերով գնացինք, որ ասում եմ գնացինք՝ նկատի ունեմ ես՝ իրավապահների խմբերի հետ: Զրահաբաճկոններով զինված համապատասխան ստորաբաժանումները շատ արագ և օպերատիվ վնասազերծեցին նրան՝ առանց որևէ միջադեպի: Երբ բռնեցինք, արդեն ուժասպառ էր եղել արյունահոսությունից: Մեկ-երկու բառ ադրբեջաներեն հարցրեցի, ասաց՝ «օլդում» (մեռնում եմ): Ասացի՝ չես մեռնի: Ավտոմատը իրավապահները վերցրին, իրեն էլ շտապօգնության մեքենայով, զորքի ուղեկցությամբ տարան»:
Շաքիի գյուղապետն ասաց, որ ավտոմատով տղամարդու կրծքավանդակի շրջանում ենթադրաբար դանակով հասված վնասվածք է նկատել: Ադրբեջանցու վիճակի մասին պետական մարմինները դեռ տեղեկություն չեն տրամադրում: Իսկ տուժած 38-ամյա կինը Սիսանի բժշկական կենտրոնում է, առողջապահության նախարարության խոսնակի փոխանցմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այլ մանրամասներ ոչ ԲԿ-ի ղեկավարը, ոչ էլ խոսնակը չհայտնեցին: