Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր Ազգային ժողովում առաջարկեց քննիչ հանձնաժողով ստեղծել՝ բանակում մահվան դեպքերն ու Շաքիում տեղի ունեցած միջադեպը քննելու համար։
«Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջին ամիսներին բանակում շատացել են ինքնասպանության դեպքերը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այսօր հանդես կգա առաջարկով՝ ստեղծել քննիչ հանձնաժողով», - հայտարարեց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Քննարկումն ուղեկցվում էր իշխանական և ընդդիմադիր պատգամավորների փոխադարձ մեղադրանքներով։ Աբրահամյանի հարցադրմանը, թե «պետք է պարզել Պաշտպանության նախարարը ֆե՞յք է, թե՝ ոչ», ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ժողովրդի մանդատով է ձևավորել իշխանությունը։
«Մեր պաշտպանության նախարարը չի կարող ֆեյք լինել՝ ի տարբերություն ձեր հաջորդ վարչապետի [նկատի ունի «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանին], որը պարզվեց՝ ոչ հաջորդն է, ոչ էլ երբևէ լինելու է վարչապետ», - հայտարարեց Ռուբինյանը։
Արձագանքելով ընդդիմադիրների պնդմանը, թե «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն իրենից լավ է տիրապետում հայերենին, Ռուբինյանն առաջարկեց միասին շարադրություն կամ թելադրություն գրել։
Ավելի ուշ իրավիճակը դահլիճում լարվեց «Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ։ ԱԺ նախագահ Ռուբինյանն անջատելց նրա խոսափողը՝ պատճառաբանելով, որ պատգամավորը օրակարգից չի խոսում։ Մինչ այդ Ղազարյանը Ռուբինյանին մեղադրել էր պետական միջոցները վատնելու մեջ և պատգամավորներին կոչ արել չծախսել իրենց ստացած 250 հազար դրամ պարգևավճարը։
Դրանից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ և քաշքշուկ սկսվեց։ Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց։
Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկից հետո նիստը վերսկսվեց։ Օրակարգի վերաբերյալ մտքերի փոխանակումը, սակայն, շարունակվում է լարված մթնոլորտում․ պատգամավորները պարբերաբար տեղերից արձագանքում ու գոռգոռում են միմյանց վրա։
Ընդմիջումից հետո Ռուբինյանը, անդրադառնալով միջադեպին, հորդորեց պատգամավորներին, այդ թվում՝ կուսակիցներին, օրակարգից չշեղվել։
«Օրինակ՝ նախկին հանրապետականը մեզ կարող է ասել՝ «բռնի թալանչի», ՔՊ-ից մեկն էլ ֆռա, ասի՝ «թալանչին դու ես, այ հանրապետական»։ Պարոն Վոլոդյա Հակոբյանն առաջարկում է մյուս անգամ գալ ամբիոնից ասել՝ «թալանչին դու ես»։ Կոչ եմ անում դա չանել, եթե օրակարգը հանրապետականի թալանը չէ», - ասաց Ռուբինյանը։
Իրավիճակը կրկին լարվեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը եկեղեցու վերաբերյալ ելույթում հայտարարեց, թե «ոչ մեկ չի պլստալու և ոչինչ չի պլստալու, այդ թվում՝ վաշխառությամբ զբաղվող Կտրիչ Ներսիսյանը»։ Ի պատասխան, ընդդիմադիր պատգամավորները սկսեցին կրկին ձեռքերով հարվածել սեղաններին, ինչից հետո ՔՊ պատգամավորները պնդեցին, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիշա Թամրազյանը «աղբ» է ասել։
Դահլիճում կրկին իրարանցում և աղմուկ սկսվեց, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նորից ընդմիջում հայտարարեց։ Երկրորդ ընդմիջումից հետո Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ որևէ պատգամավոր իրավունք չունի վիրավորել գործընկերոջը ։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը պնդեց, թե գործընկերը ոչ թե «աղբ», այլ «ախ» է ասել։ «Լավ էլի, պարո՛ն Ղազինյան, մեծ մարդ եք էլի, ինքը չի հերքում․․․ Ես էլ «սեր» եմ ասում, չեմ ասում «սրիկա», այս ի՞նչ ձև է», - արձագանքեց ԱԺ խոսնակը։ Ռուբեն Ռուբինյանը շարունակում է հորդորել պատգամավորներին զսպել էմոցիաները և տեղից չգոռալ, երբ ելույթ է ունենում մեկը, ում ասածները իրենց դուր չեն գալիս։ Նա նաև զգուշացրեց, որ ֆիզիկական բախումներ թույլ չի տալու։
Ռուբինյանը նաև պնդում է, որ իր տեղեկությամբ՝ քաշքշոցի ժամանակ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել դահլիճ: Ասաց, որ նման բան չի կարող թույլ տալ և դա կդարձնի ծառայողական քննության առարկա: «Ուժեղ Հայաստանը» դեռ չի արձագանքել այս մեղադրանքին: