Մատչելիության հղումներ

Որոշված է՝ ով կլինի Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն


Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն որոշված է, այսօր հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: Թեկնածուի անունը, սակայն, գործարարի եղբորորդին չհայտնեց, առաջարկեց սպասել հաջորդ ամսվա կեսին նախատեսված կուսակցության համագումարին: Կարապետյանների առաջնորդած «Մեր ձևով» շարժման անդամներն արդեն կուսակցությունը գրանցել են, այն կոչվում է «Ուժեղ Հայաստան»:

«Թեկնածուն, ճիշտը որ ասեմ, երկար ժամանակ է որոշված, ուղղակի մենք այդ մասին կհայտարարենք փետրվարի 12-ին», - ասաց Նարեկ Կարապետյանը:

Մինչև օրս որպես հնարավոր թեկնածու մամուլում շրջանառվել է միայն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունը, բայց Հանրապետական կուսակցության օրոք Կառավարությունը ղեկավարած Կարապետյանը որևէ կերպ այդ լուրերին չի արձագանքել:

Նարեկ Կարապետյանն ասաց՝ վարչապետի թեկնածուին վերաբերող բոլոր հարցերի պատասխանները կտրվեն փետրվարի 12-ին: Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո կալանավորված «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանը չի կարող թեկնածու լինել, երկքաղաքացի է: Նրա թիմակիցները ինչպես նախկինում, այնպես էլ այսօր ընտրողներին խոստումներ էին տալիս հենց Կարապետյանի անունից: Լրագրողներն այսօր փորձում էին հասկանալ՝ արդյոք սա չի՞ նշանակում, որ ընտրություններում հաղթելու դեպքում փաստացի Սամվել Կարապետյանն է ղեկավարելու երկիրը:

«Ամենայն հավանականությամբ, փետրվարի 12-ին կիմանաք պատասխանը», - նշեց «Մեր ձևով» շարժման համակարգողը:

Նարեկ Կարապետյանն այսօր շատ փակագծեր չբացեց նաև նախընտրական և հետընտրական փուլերում հնարավոր համագործակցություններից: 2026-ի ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարած ուժերից «Լուսավոր Հայաստան»-ը, Դաշնակցությունը, Հայ ազգային կոնգրեսը կարծում են՝ իշխանությանը հեռացնելու համար պետք է մեծ բևեռներ ձևավորել: Ի՞նչ դիրքորոշում ունի Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը, արդյո՞ք նախընտրական փուլում այլ ուժերի հետ կհամախմբվեն: Նարեկ Կարապետյանը առանց մանրամասների ասաց՝ քննարկումներ որոշ ուժերի հետ կան, բայց վերջնական որոշումներ՝ դեռ ոչ: Ընդդիմադիր այն ուժերն էլ, որոնք կարծում են՝ չեն հաղթահարի անցողիկ շեմը, ըստ Կարապետյանի, չպետք է մասնակցեն ընտրություններին՝ թույլ չտալով ձայների փոշիացում:

«Դա ամբողջ ընդդիմադիր դաշտի, իմ կարծիքով, պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա, քանի որ դրանով մենք ակամայից, էդ ուժերը կաջակցեն այսօրվա իշխանության վերարտադրությանը: Որովհետև իշխանության փոփոխությունը ընտրական պրոցեսով փոքր տոկոսների տարբերությունով է տեղի ունենալու, ամենայն հավանականությամբ, երբ ընդդիմության կորցրած 3 տոկոսը, 4 տոկոսը առանցքային նշանակություն է ունենալու էս մեծ փոփոխության համար», - ընդգծեց «Մեր ձևով» շարժման համակարգողը:

Իշխանափոխության հարցում որևէ ուժ միայնակ չի կարող հասնել հաղթանակի, այսօր դարձյալ հայտարարել են Դաշնակցությունից: Պատգամավոր Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ «Քաղաքացիական պայմանագրին» հեռացնելու համար ընդդիմադիրները մի քանի խոշոր բևեռ պետք է ձևավորեն և ունենան մեկ հստակ օրակարգ:

«Ընդդիմության հիմնական խնդիրը պասիվ ընտրազանգվածին ակտիվացնելն է, իսկ դա չի կարող մեկ մեկ ուժ կատարել, դա պիտի կատարի մի քանի ուժ, որ ժողովուրդը, էն պասիվը, ովքեր որ էսօր դժգոհ են իշխանություններից, իսկ դժգոհությունը շատ մեծ է էս իշխանություններից, ընդդիմության գործը դա գեներացնելն է, իրականություն դարձնելն է: Եվ էդ դժգոհ ընտրազանգվածը ընտրելու հնարավորություն պետք է ունենա՝ եթե մեզ չի ուզում, թող գնա ընտրի մեկ այլ ընդդիմադիր ուժի», - ասաց Ռուստամյանը:

Եվ մինչ ընդդիմադիր դաշտում Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին հեռացնելու մարտավարություն են մշակում, Ազգային ժողովի նախագահը երեկ հայտարարում էր՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններին հավակնում են ձևավորել սահմանադրական մեծամասնություն:

«Դա, իմ ընկալմամբ, 50 ... ավելի բարձր է, քան մենք հիմա ունենք: Ես ենթադրում եմ, որ մենք ավելի շատ ենք ունենալու ձայն, ավելի շատ տոկոսային ներկայացվածություն ենք ունենալու, քան 54 տոկոսը, որը ունեցանք 21 թվականին», - պնդում էր Ալեն Սիմոնյանը:

2026-ի ընտրություններին կես տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն հայտարարել է՝ միայնակ են մասնակցելու:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG