Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն ԱԺ ընտրություններին դաշինքով կմասնակցի. ով կլինի վարչապետի թեկնածուն


Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Հայ հեղափոխական դաշնակցությունում արդեն որոշել են՝ մասնակցելու են ընտրություններին ու ոչ միայնակ:

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մանրամասնեց՝ նախընտրում են նորից դաշինքով և բանակցում են, որ այս անգամ ավելի ուժեղ ու ազդեցիկ լինեն, Սաղաթելյանի խոսքով.- «Մենք տեսնում ենք այդ հնարավորությունը, որ այսօրվա դաշինքի հիման վրա կձևավորենք նոր, ավելի ազդեցիկ, ավելի հավակնոտ դաշինք»:

Իսկ ով է գլխավորելու իրենց պատկերացրած ազդեցիկ դաշինքը: Դարձյա՞լ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նախորդ ընտրություններում, ՀՅ Դաշնակցությունում առաջնորդի անունը դեռ չեն հայտարարում:

Ռոբերտ Քոչարյանը դեռ անցած տարի էր ասել՝ հավանաբար մասնակցելու է ընտրություններին: Թե ինչ ձևաչափով, չի մանրամասնել: ՀՅԴ-ն նախընտրական դաշինքի բանակցությունները նոր է սկսելու, վստահեցնում է պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: Թե որ ուժերի հետ կմիավորվեն, դեռ հայտնի չէ:

«Հայաստան» դաշինքը 2021-ի ընտրություններում ձևավորվեց ՀՅԴ ու «Վերածնվող Հայաստան» կուսակցություններից: Խորհրդարան անցնելուց մեկ տարի անց պառակտվեց դաշինքը: «Վերածնվող Հայաստանը», որ մի քանի պատգամավոր ուներ, դադարեցրեց խորհրդարանական գործունեությունը:

Կա՞ն ուժեր, որոնց հետ բացառում են համագործակցությունը, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «Եթե ստեղծվի իրավիճակ, որ այս իշխանության հեռացումը պայմանավորված լինի մեր՝ մեկ այլ ուժի հետ համագործակցելու հարցում, մենք անվերապահորեն համագործակցելու ենք ընդդիմադիր դաշտի իրական ուժերի հետ»:

Ընդդիմադիր դաշտում կան կարծիքներ, որ նախկին նախագահների առաջնորդությամբ Փաշինյանի կառավարությանը հնարավոր չէ տապալել, ավելին՝ Նիկոլ Փաշինյանին նախկիններն են սնում: Այս կարծիքները իրենք հաշվի առնո՞ւմ են վարչապետի թեկնածու ընտրելիս ու հնարավո՞ր է, որ Քոչարյանը նահանջի, Սաղաթելյանն արձագանքեց. «Նիկոլական խոսույթ է, այդ խոսույթն է նպաստում Նիկոլի վերարտադրությանը: Մենք կարծում ենք, որ ընտրություններին պետք է մասնակցել մի քանի խոշոր դաշինքներով, մարդկանց ներկայացնել այլընտրանքներ, հնարավորություններ, ծրագրեր և ՀՀ քաղաքացին թող ընդդիմության միջից ընտրի՝ ում ծրագիրն է, որ կարող է երկիրն այս իրավիճակից դուրս բերել» :

Որ Հայաստանի նախկին ու ներկա ղեկավարների ժամանակն անցել է, հայտարարել է նաև նորաստեղծ «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը: Ազատությունից զրկված գործարար Սամվել Կարապետյանի թիմում էլ այս համոզմունքով են առաջիկա ընտրություններին պայքարելու գործող իշխանության դեմ: Թե ով է այդ նոր առաջնորդը, որ պետք է պառակտված հանրությանը միավորի, «Մեր ձևովն» էլ դեռ թեկնածուի անունը չի նշում:

Խորհրդարանական ընտրություններին թեև վեց ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, բայց վերջնական պատկերը դեռ չկա: Գործարարներից Գագիկ Ծառուկյանը «Առաջարկ Հայաստանին» ծրագրով կմասնակցի, հայտնի չէ՝ դաշինքով, թե՞ միայն իր գլխավորած կուսակցությամբ: Նախկիններից Սերժ Սարգսյանն ընտրությունների թեմայով ոչինչ դեռ չի ասել: Նրանք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել ու բաց չեն թողնում այս օրակարգը:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսն էլ է հայտարարել՝ մասնակցելու են, վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է, այլ ուժերի հետ էլ շարունակում են բանակցել, չի բացառվում, որ իրենք էլ դաշինքով գնան: Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած ուժն էլ է մասնակցելու, Երևանի ընտրություններում Մարությանի գլխավորած դաշինքը երկրորդ տեղը զբաղեցրեց: Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն էլ իր ստեղծած ուժով է մտադիր մասնակցել: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն հայտարարել է՝ միայնակ կմասնակցի Փաշինյանի առաջնորդությամբ, վստահ են՝ այս անգամ էլ կհաղթեն:

XS
SM
MD
LG