Մատչելիության հղումներ

4 միլիարդ դրամ. երբևէ կիրառված ամենաբարձր գրավը Սամվել Կարապետյանին բանտից տուն ուղարկելու համար


Ավելի քան կես տարվա բանտարկությունից հետո գործարար Սամվել Կարապետյանն այս գիշերն անցկացրեց տանը՝ ընտանիքի հետ: Նախկին ՔՊ-ական, դատավոր Սարգիս Պետրոսյանը երեկ երեկոյան տնային կալանքի հետ միասին 4 միլիարդ դրամ գրավ է սահմանել:

«2025 թվականի նոյեմբերի 18-ին հաջորդած ժամանակահատվածում մեր կողմից թե՛ Քննչականին, թե՛ Դատախազությանը, թե՛ իրավասու այլ մարմիններին ներկայացվել են 10-ից ավելի միջնորդություններ», - ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

Իշխանության զավթման կոչի ու տնտեսական հանցագործությունների համար մեղադրվող գործարարին աջակիցները ծափերով դիմավորեցին: Նրան ոստիկանական ավտոմեքենայով «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ուղիղ տուն տեղափոխեցին: Կարապետյանին արգելված է բացի ընտանիքի անդամներից շփվել այլոց հետ:

«Սահմանափակումները հաղորդակցման ինտենսիվ կերպով կիրառված են, կրկին բացառապես մերձավոր ազգականներին է վերաբերելու, և ըստ էության նաև կարծես խոսքի ազատության սահմանափակում էլ է նախատեսված», - հավելեց փաստաբանը:

Երեկ երեկոյան բանտի մոտ 60-ամյա գործարարի ազատ արձակմանը սպասելիս նրա փաստաբան Վարդևանյանն ասաց՝ ի հայտ են եկել նոր հանգամանքներ, ինչից ելնելով էլ դիմել էին Հակակոռուպցիոն դատարան:

«Որ քննիչը մեր կողմից ներկայացված միջնորդությունները, որոնք վերաբերում են իրենց պարտականությունների կատարմանը, խոչընդոտելու իբրև ռիսկի նվազմանը, որակում էր այն անհիմն միջնորդություն և մերժում էր։ Այդ ամենը չէր կարող իրավական հետևանք չունենալ։ Մեր կողմից հետևյալ գործողությունը կատարվեց։ Այս ժամանակահատվածում բոլոր հիմքերը, հիմնավորումները, ինչպես նաև այլ բնույթի խնդիրները, որոնք մենք արձանագրել էինք, որոնք ազդեցություն են ունենում իրավաչափության պայմանների վրա, կուտակել էինք և ներկայացրել էինք որպես նոր ի հայտ եկած փաստարկի հիմքով միջնորդություն դատարանին», - մանրամասնեց նա։

Փաստաբանի խոսքով՝ դատարան ներկայացված միջնորդությունում մատնանշել են Քննչական կոմիտեի թերացումներն ու խախտումները: Փաստաբանները դեռ չեն ստացել դատավորի երեկվա որոշումը, դրան ծանոթանալուց հետո կկարողանան առավել մանրամասն ներկայացնել բովանդակությունը: Նրանք, սակայն, դժգոհ են տնային կալանքի ռեժիմից: Դա չէին խնդրել դատարանից:

«Տնային կալանքը նույնն է, ինչ կալանքը։ Իր ռեժիմի, իր սահմանափակման տեսանկյունից մենք խոսում ենք կրկին ինտենսիվ սահմանափակման մասին։ Հետևաբար այստեղ հատուկ շնորհավորանքներ ես չեմ ներկայացնում, քանի որ ունեմ նաև պաշտպանյալներ, որոնք գտնվում են տնային կալանքի ռեժիմում, և վստահ եղեք՝ տնային կալանքը ևս ծանր խափանման միջոց է, ազատությունը սահմանափակող», - նշեց Արամ Վարդևանյանը։

Նա նաև ահազանգում է՝ եթե պաշտպանյալը բանտից հայտարարություններ անելու իրավունք ուներ, ապա հիմա դատարանը նրան արգելել է առհասարակ կոչեր պարունակող հայտարարություններ անել: Փաստաբանի գնահատմամբ՝ սա հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում է:

Ամիսներ առաջ Կարապետյանը բանտից քաղաքական հայտ էր ներկայացրել և հայտարարել, որ պայքարելու է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Նա առաջնորդում է «Մեր ձևով» շարժումը, որը առաջիկայում կուսակցություն է դառնալու: Նա, սակայն, վարչապետի թեկնածու չի կարող լինել, քանի որ երկքաղաքացիություն ունի:

Կարապետյանը մեղադրյալի աթոռին հայտնվեց, երբ հայտարարեց իշխանության թիրախում հայտնված Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը երկու ամիս առաջ լրագրողների հետ զրույցում պնդել էր՝ մեղադրանքը հիմնավոր է. «Փաստերը կներկայացվեն այն ժամանակ, երբ որ գործը հրապարակային դառնա, այդ փաստերը կներկայացնենք, այդ ժամանակ վստահ եմ՝ այդ հարցերը ձեր մոտ էլ չեն ծագի։ Դուք ինձ մեղադրանքի էությունը ասում եք՝ պարզաբանի, մեղադրանքի մեջ ամեն ինչ արտացոլված է»:

Քննչականի ղեկավարը հերքել էր Կարապետյանի պնդումները, թե իր ու իր ենթակաների գործողությունների վրա ազդել են վարչապետի ստատուսները, որոնք Նիկոլ Փաշինյանը գրել էր ամռանը Կարապետյանի առանձնատանը կատարվող քննչական գործողությունների ընթացքում, օրինակ, սպառնալով պասիվացնել ու պետության համը թողնել նրա բերանում: Սրան զուգահեռ կառավարությունը Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ը պետականացնելու գործընթաց սկսեց, ապա ընկերությանը զրկեց լիցենզիայից:

Կարապետյանի տնային կալանքը երկու ամիս ժամկետով է: Դատախազությունն արդեն հայտարարել է՝ բողոքարկելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG