Բաքուն ողջունում է Երևանի կողմից ընդունված «Իրական Հայաստանի» հայեցակարգը: Այս մասին թուրք լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով Հաջիևի խոսքերը, գրում է, որ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը սահմանափակված չէ միայն թղթի վրա արված հայտարարություններով։
«Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի ներկայիս վարչակազմը «Իրական Հայաստանի» հայեցակարգը ընդունել է որպես հիմնարար մոտեցում։ Մենք ակնկալում ենք, որ դա կներառվի Հայաստանի Սահմանադրության մեջ։ Մենք մտադիր չենք միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Նրանք (Հայաստանում՝ խմբ.) հայտարարել են, որ կընդունեն նոր Սահմանադրություն», - ասել է Հաջիևը՝ հերթական անգամ պնդելով, որ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման հետ կապված խնդիրներ չեն լինի։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իրական Հայաստանի» հայեցակարգը ներկայացնելիս բազմիցս է պնդել, որ Հայաստանը պետք է իր պետական քաղաքականությունը կառուցի ոչ թե պատմական անցյալի, կորցրած տարածքների կամ առավելապաշտական պատկերացումների, այլ միջազգային ճանաչված սահմաններով Հայաստանի Հանրապետության, նրա անվտանգության, զարգացման և խաղաղության օրակարգի վրա։
Թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի խոսնակը նաև ընդգծել է, որ «նպատակն է զուգահեռաբար ավարտին հասցնել խաղաղ գործընթացները Ադրբեջանի և Հայաստանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև»։
Հաջիևը նաև հայտարարել է, որ Բաքվի ձևակերպմամբ «Զանգեզուրի միջանցքի» բացումը նոր աշխարհաքաղաքական իրականության մի մասն է և դա «համապատասխանում է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի շահերին»։
Փաշինյանը բազմիցս նշել է, որ Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ, բայց դա պետք է լինի նույն սկզբունքներով, ինչ ցանկացած միջազգային ճանապարհ՝ մաքսային, սահմանային և իրավական վերահսկողությամբ Հայաստանի կողմից։