Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» կողմից երեկ պաշտոնապես արված հայտարարությունը, թե նոր Սահմանադրությունում չի լինելու հղում Անկախության հռչակագրին, արժանացել է ընդդիմադիրների կոշտ արձագանքին։
Ընդգծելով, որ նոր Սահմանադրության ընդունման հարցն առաջիկայում դառնալու է իշխանության և ընդդիմության միջև գաղափարական բախման անկյունաքարային հարց, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այսօր շտապեցին վերահաստատել իրենց դիրքորոշումը՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է փոխել Սահմանադրությունը Իլհամ Ալիևի պահանջով։
Բաքուն տևական ժամանակ Երևանից պահանջում է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագիրը, որտեղ հիշատակում կա Հայաստանի և Արցախի միավորման մասին։ Հակառակ պարագայում Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության համաձայնագիրը։
«Ձեզ առաջարկում են ձեր ձեռքով կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, որի համար երևի Հայաստանում ամեն ընտանիք արյուն է թափել, ու այդ ամենը մենակ նրա համար, որ Ալիևի հագով Սահմանադրություն կարվի։ Նիկոլ Փաշինյանը նախորդ բոլոր իշխանություններին մեղադրում էր իրենց հագով Սահմանադրություն կարելու համար, ինքը ստանձնել է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու պահանջը, բայց ձեզ ուզում է դարձնել իր հանցակիցը», - ասաց «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն իր ելույթում պնդեց, որ այսօրվա խորհրդարանն ընդհանրապես լիազորված չէ քննարկել այդ հարցը, նախ որովհետև իրենք նախընտրական շրջանում իրենց ընտրողներին խոստացել են, որ թույլ չեն տալու Հայաստանի ադրբեջանացում, իսկ դա, ըստ Գրիգորյանի, նաև Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությունն է, իսկ իշխող ՔՊ-ն էլ իր հերթին, նախընտրական շրջանում խոստանալով նոր Սահմանադրություն, բավարար ձայներ չի ստացել դա անելու համար, ուստի, ըստ Աննա Գրիգորյանի, ժողովուրդը ընտրությունների ժամանակ արդեն իսկ դեմ է արտահայտվել Սահմանադրության փոփոխությանը։
Փաշինյանի առաջնորդ ՔՊ-ին հունիսի 7-ի ընտրություններում չհաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ, մինչդեռ նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար այն նախ պետք է ընդունվի խորհրդարանում։ Դրա համար անհրաժեշտ է պատգամավորների երկու երրորդի ձայները։ ՔՊ-ն ունի ընդամենը 64 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ է առնվազն 70 կողմ ձայն։
«Բոլոր ընտրախախտումներով հանդերձ այս պառլամենտում չունեք դուք մեծամասնություն։ Այսինքն դուք էլ եք գնացել ժողովրդի մոտ, ասել եք՝ մեզ ձայն տվեք՝ սա անելու, սա անելու, սա անելու, դրանցից մեկը Սահմանադրության փոփոխությունն էր։ Եվ ժողովուրդը ձեզ ձայն չի տվել։ Այս պառլամենտը կարող է հաստատել Սահմանադրության նոր տեքստը և դնել հանրաքվեի, եթե կա երկու երրորդ մեծամասնություն։ Դուք չունեք այդ մեծամասնությունը։ Եվ մեզ էլ որևէ մեկը չի լիազորել, որպեսզի մենք այդ փոփոխությունը իրականացնենք», - ընդգծեց Աննա Գրիգորյանը։
Խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն ավելի պատկերավոր ձևակերպումներ օգտագործեց՝ նշելով, որ Ալիևի պահանջով Անկախության հռչակագիրը մայր օրենքից հանելը նշանակում է պարզապես այրել Հայաստանի Հանրապետության ծննդականը։ Հիշեցնելով Ադրբեջանի նախագահի օգնականի վերջերս արված հայտարարությունը, թե Բաքվում ազդակներ են ստացել, որ մոտ ապագայում Հայաստանում մեկնարկելու է նոր Սահմանադրության ընդունման գործընթաց, Նարեկ Կարապետյանը պնդեց՝ չի լինելու այդպես, որ Ալիևի պահանջով 1,5 միլիոն հայ գնա ու փոխի իր Սահմանադրությունը։
«Մեր Անկախության հռչակագիրը մեր երկրի ծննդականն է։ Ասենք, ծննդականը հասնենք 35 տարեկան վառե՞նք, մենք խաղաղության ջատագով ենք, մեր հայտարարություններում դա ասել ենք, բայց նաև համաձայն չենք այն մոտեցմանը, որ պետք է մեր ծննդականը վառենք, Ալիևի բերած Սահմանադրությունը անցկացնենք։ Իրենց հանրաքվեն է, իրենց բերած, դա մեր երկրի համար, ապագայի համար էլ սխալ ճանապարհ է, մենք չենք կարող մեր ծննդականը վառենք, մենք չենք կարող ընդունենք մի Սահմանադրություն, որ իրենք են ասում», - ասաց Կարապետյանը։
ՔՊ-ից հակադարձում են ընդդիմությանը
Ընդդիմադիրներին խորհրդարանի ամբիոնից հակադարձեց ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ Սահմանադրությունից պետք է դուրս բերվի Անկախության հռչակագիրը։ Պատգամավորի տրամաբանությամբ, եթե չկա Ղարաբաղյան շարժում, որը ՔՊ-ական իշխանությունը որոշել է չշարունակել, հետևաբար չպետք է լինի նաև Հայաստանի և Ղարաբաղի միավորման մասին դրույթի հիշատակում մայր օրենքում։
«Մենք հայտարարել ենք, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու և սրանից հետո տեղի են ունեցել համապետական ընտրություններ, և ժողովուրդը իրենց ընտրությունը կատարել է։ Հարգեք և հաշվի նստեք Հայաստանի Հանրապետության ժողովրդի ընտրության հետ», - նշեց Աղաջանյանը։
Նոր Սահմանադրության տեքստը իշխանությունը խոստանում է հրապարակել տարեվերջին
Այն, որ նոր Սահմանադրության նախաբանը չի պարունակելու հղում Անկախության հռչակագրին խորհրդարանի ամբիոնից երեկ հայտարարեց Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը։ Նա, ի դեպ, նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է։
Արդյո՞ք խորհուրդն արդեն քննարկել ու քվեարկել է այս հարցը, ինչի մասին հայտարարեց Ջուլհակյանը։ ՔՊ-ական պատգամավորն այսօր առանց որևէ բացատրության հրաժարվեց այս հարցին պատասխանել։
Սահմանադրական խորհրդի մյուս անդամները նույնպես հրաժարվում են խոսել այս մասին, նշելով, թե դեռևս չեն տեսել նոր Սահմանադրության նախագիծը, և երբ այն քննարկման կդրվի, այդ ժամանակ էլ կարծիք կհայտնեն։
Նոր Սահմանադրության տեքստը իշխանությունն այժմ էլ խոստանում է հրապարակել տարեվերջին։