Մատչելիության հղումներ

1 միլիարդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ

1 միլիարդ դրամ գրավ և երկրից բացակայելու արգելք. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման այս միջոցն է ընտրվել:

Մոտ մեկ ամիս նրան կալանավորելու ապարդյուն փորձերից հետո Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն հրաժարվում են քրեական գործից մանրամասներ հայտնել՝ պատճառաբանելով, թե դա չի բխում նախաքննության շահերից:

Ինքը՝ խորհրդարան անցած ընդդիմադիր ամենամեծ ուժի առաջնորդ Կարապետյանը, հեգնանքով արձագանքեց իրեն առաջադրված մեղադրանքին, բայց չանդրադարձավ դրա բովանդակությանը:

«Հայաստանում վերջին ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելն արդեն իսկ հանցագործություն է: Ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրդ ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրի ապագան տեսնելն արդեն իսկ հանցագործություն է համարվում այսօր Հայաստանում», - ասաց Կարապետյանը:

Նորընտիր պատգամավոր Նարեկ Կարապետյանին իրավապահները երեկ միանգամից երկու ծանր հոդվածով են մեղադրանք առաջադրել՝ բռնության սպառնալիքով հավաքին մասնակցելու հարկադրանք և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Այս վերջինով մինչև 12 տարվա ազատազրկում է սահմանված:

Գործի նյութերում Կարապետյանին վերագրվող ոչ մի նախադասություն չկա. փաստաբան

Թե ո՞ւմ վրա է Կարապետյանը ճնշում գործադրել և ի՞նչ փաստերով է հիմնավորվում փողերի լվացման դրվագը, առայժմ անհայտ է: Քննչականի և դատախազության լռության պայմաններում Նարեկ Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը շարունակում է պնդել՝ հարյուրավոր էջերից բաղկացած այդ գործի նյութերում Կարապետյանին վերագրվող ոչ մի նախադասություն չկա:

«Ի՞նչ է քրեական գործը, դա ինչ-որ իրադարձության վերաբերյալ նկարագրական ու հիմնավորվածություն ենթադրող մի ինչ-որ համակցություն է, դրանցից ոչ մեկն այս դեպքում չկա: Ես վստահ եմ նաև, երևի թե դա իրավաբանությունից դուրս այլ մասնագիտություն ունեցող գործընկերները պետք է քննարկեն, թե ո՞նց կարող է լինել մեկ միասնական մեղադրանք, որը վերաբերում է հավաքներին մասնակցության շահագրգռմանն ու միաժամանակ փողերի լվացմանը, սա արդեն զավեշտ է, սա ինքնին արդեն աբսուրդ է: Էլ չասեմ, թե Նարեկ Կարապետյանին ինչ-որ կերպ դրա հետ առնչակցելու հնարավորություն ողջամիտ իրականության մեջ չկա», - ասաց փաստաբանը:

Վարդևանյանն ավելի վաղ ասել էր, թե այս գործն առնչվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանի քրեական վարույթի հետ: Ալեքսանյանը կալանավորված է, մեղադրվում է «Տաշիր»-ին առնչվող ընկերություններից փոխանցված շուրջ 1.6 միլիարդ դրամի հանցավոր ծագմամբ փողերը լվանալու և գումարով հավաքներին մասնակիցներ ապահովելու համար:

Ըստ իրավապահների՝ նա շուրջ 1400 քաղաքացու ձևական աշխատանքի է ընդունել իր ղեկավարած կազմակերպությունում և վարձատրել, որպեսզի նրանք մասնակցեն «Ուժեղ Հայաստան»-ի ու «Մեր ձևով»-ի կազմակերպած ցույցերին: Քննչականի փոխանցմամբ՝ այս գործով 500 մարդ է հարցաքննվել, սակայն թե ի՞նչ առնչություն ունի Նարեկ Կարապետյանը սրա հետ, Վարդևանյանն էլ չի բացահայտում: Պաշտպանական կողմը միայն պնդում է՝ ինչպես սպառնալիքով հավաքների տանելու, այնպես էլ փողերի լվացման դրվագներով որևէ փաստական տվյալ չկա:

«Հաշվի առնելով, որ ես տեսել եմ Նարեկ Կարապետյանին վերագրվող իբրև դեպքի կից ներկայացված նյութերը, այստեղ ընդհանրապես երևութային ոչինչ չկա: Ես կարող եմ մի բան ասել, որ Հայաստանի Հանրապետությունում երևի թե եթե վիճակագրությամբ նայեք, փողերի լվացումն ամենամեծ տարածումն ունեցող հանցակազմն է, դա արդեն մտահոգիչ է», - ընդգծեց Արամ Վարդևանյանը:

«Ուժեղ Հայաստանից» միաձայն են հայտարարում՝ քաղաքական հստակ հրահանգ կա քրեական գործերով ճնշել և փորձել թուլացնել իրենց ուժը, որը խորհրդարանում ներկայացված է լինելու 29 պատգամավորով: 35-ամյա Նարեկ Կարապետյանի մեկնաբանմամբ՝ սա քննություն է, որին ընդդիմադիր ուժը պատրաստ է:

«Մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ՝ ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերից այն կողմում, քան այս կողմում: Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը քրեական գործի հետ չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար, չեն բացվելու նոր քրեական գործեր, որպեսզի մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այլ ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում ամեն օր չլինի սպանություն, երկրում լինի իրական օրինականություն», - ասաց Կարապետյանը:

Ընդդիմադիրներին բանտեր ուղարկելու հարցում իշխանությանն ուղղված Նարեկ Կարապետյանի մեղադրանքներին արձագանքել է մեկ այլ նորընտիր պատգամավոր՝ ՔՊ-ական Տարոն Չախոյանը՝ կրկնելով այն, ինչ ասել է նաև վարչապետ Փաշինյանը, թե բոլոր կաշառատուներին մեկուսացնելու են. «Նարեկ ջան, քեզ դատում են ոչ թե քաղաքական հայացքների, այլ ընտրակաշառքի համար նախատեսված փողերի լվացման համար, մարդկանց ձեր հավաքներին մասնակցել պարտադրելու համար»։

Հաջորդ շաբաթավերջին նոր ձևավորված խորհրդարանը կսկսի աշխատանքը, արդյոք գլխավոր դատախազն արդեն խորհրդարանում կներկայացնի՞ մեղադրանքը, որպեսզի Կարապետյանին կալանավորելու համար ստանա պատգամավորների համաձայնությունը, դեռ հայտի չէ:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG